ԹՐԱՄՓԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՓՈԽՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՒՐՍԸ

Կանադան մտադիր է կրճատել իր տնտեսական կախվածությունը Միացյալ Նահանգներից եւ վերակառուցել իր տնտեսությունը՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադայի հանդեպ վարած քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ «Մենք պայքարելու ենք ամերիկյան տարիֆների դեմ՝ ինքնուրույն պատասխան գործողություններով, որոնք առավելագույնս արդյունավետ կլինեն ԱՄՆ ներսում եւ նվազագույն կորուստներ կպատճառեն Կանադային»,- ասել է վարչապետ Քարնին։ Նա նաեւ հայտարարել է, որ թույլ չի տա Կանադան թուլացնելու ցանկացած փորձ, իսկ ԱՄՆ-ին այլեւս չի համարում հուսալի գործընկեր ու դաշնակից։ Քարնին նաեւ հայտարարել է, որ պայմանավորվել է Թրամփի հետ զրույց ունենալու մասին, որի ընթացքում կքննարկեն իրենց տնտեսությունների եւ աշխատողների պաշտպանվածության հարցը։

«Մենք կանադական նոր տնտեսություն կկառուցենք եւ Կանադան կդարձնենք ավելի ուժեղ»,- ասել է Կանադայի վարչապետը։ Նա նաեւ ասել է, որ այս տարվա հուլիսի մեկից Կանադայի բոլոր նահանգներում եւ տարածքներում ապրանքների եւ ծառայությունների շրջանառության ազատություն կսահմանվի։ Այս կերպ վերացվում է նահանգների եւ տարածքների միջեւ եղած տնտեսական արգելքները։ Կվերանայվի նաեւ ԱՄՆ հետ առեւտրային հարաբերությունները, ինչպես նաեւ՝ պաշտպանական եւ անվտանգային ոլորտում ունեցած կապերը։

 

Կիսվել սոց․ ցանցերում