Ինչպես արդեն հայտնել էինք, մեկնարկել են «Վենդետա» նոր բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները:
Ֆիլմի պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանն է, ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանը, սցենարի հեղինակն է Հարություն Ղուկասյանը:
Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Հարություն Մովսիսյանը, Գոռ Հակոբյանը, Հայկ Հովհաննիսյանը, Միկա Ղափլանյանը, Վարուժ Մարգարյանը, Վիլեն Սարգսյանը, Հարություն Սարգսյանը, Նելլի Խերանյանը, Մարիամ Ադամյանը և այլք:
«Առաջարկը ռեժիսորից՝ Մհերից ստացա, միասին արդեն աշխատել ենք «Սուրբը» ֆիլմի շրջանակներում, սիրով ընդունեցի առաջարկը»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց դերասան Վիլեն Սարգսյանն, ում 2-րդ փորձն է կրիմինալ ժանրում:

Դերասանն այս անգամ մարմնավորում է հետախույզի կերպար:
«Կերպարս զինվորական է, ընկերների մեջ ամենահասունն ու սառնասիրտն է: Մնացած փակագծերը դեռ վաղ է բացել»,- նշեց Վիլեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ «Սուրբը» բազմասերիանոց ֆիլմից հետո իրեն չեն նույնացնում կրիմինալ ժանրում մարմնավորած իր կերպարի հետ, իսկ տարբեր ժանրերում հանդես գալը չի խանգարում, այլ ավելի հետաքրքիր է դարձնում դերասանի կյանքը:
«Այդ վտանգը չունեմ, իսկ ինձ հետաքրքիր է այս ժանրում հանդես գալը: Սկզբում մտավախություն ունեի, նույնիսկ չէի ուզում նկարվել, համարում էի, որ սա իմ ժանրը չէ, բայց պարզվեց սխալվում էի: Չէի պատկերացնում, որ այս ժանրում կարող եմ համոզիչ ներկայանալ»,- նշեց դերասանը:

«Վենդետա» ֆիլմի նկարահանուները նոր են մեկնարկել: Դերասանի խոսքով՝ դեռ ծանոթանում են, փորձում մտերմանալ թիմի անդամների հետ:
«Մեծ տեսարաններ չենք հասցրել նկարել, բայց ֆիլմի սցենարը հետաքրքիր է, քանի որ ընկերության մասին է ու կարևոր արժեքների մասին է բարձրաձայնում»,- ամփոփեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք՝ Ֆիլմն արտադրվում է հատուկ Armflix հարթակի համար` «MENQ holding» ընկերության կողմից:
Ֆիլմի նկարահանման առաջին օրը ներկա է եղել նաև Tert.am Life-ը, զրուզել ստեղծագործական թիմի հետ, առանձնացրել հետաքրքիր դրվագներն ու առաջին բեքսթեյջ լուսանկարները:

Հեղինակ՝ Անի Մնացականյան
