Այսօր հատուկ հրավերով Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։
Դեսպանը մասնակցել է ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը մշակութային լինելուց զատ, նաև լեզվիմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։ Դպրոցում պարսկերենը դասավանդվում է որպես 3-րդ օտար լեզու, այն սովորում են 5-8-րդ դասարանների աշակերտները։
Դեսպանին դիմավորել են և միջոցառմանը մասնակցել Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, դպրոցի տնօրենությունը, աշակերտներ։
Դպրոցականները հանդես են եկել Հայաստանի և Իրանի մշակույթի, սովորույթների և ազգային տոների մասին պարսկերեն ելույթներով՝ շեշտադրելով երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները։
Միջոցառումն ամփոփող շնորհակալական խոսքում Մեհդի Սոբհանին նշել է, որ ուրախ է տեսնել, թե որքան լավ են տիրապետում հայ աշակերտները պարսկերենին և որքան իրազեկ են Իրանի մշակույթին։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են, նա Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթել է լավագույնը։
