Դեռևս նախորդ տարվա վերջին Արարատի մարզի Մխչյան և հարակից մի քանի գյուղերի բնակիչները, որոնք զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, փակել էին Երևան-Արտաշատ ճանապարհը։ Նրանք բողոքում էին, որ գազի գրասենյակը գազի հաշվիչների վրա փականներ է դրել, չի թողնում ջերմոցային տնտեսություններում գազ օգտագործեն։
Մխչյանում ու հարակից գյուղերում մարդիկ ջերմոցներում հիմնականում մշակում են տարբեր տեսակի ծաղիկներ. Նրանք վստահեցնում էին՝ եթե արգելեն գազով ջեռուցել ջերմոցները, ապա դրանց մեծ մասը կքանդեն։
Մի քանի ժամ ճանապարհը փակ պահելուց հետո, ի վերջո, Մխչյանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը զրուցել էր բնակիչների հետ՝ հավաստիացնելով, որ առայժմ կարող են աշխատել այնպես, ինչպես մինչև այդ պահն աշխատել են, հետո խնդիրը կկարգավորեն։
Մխչյանի գյուղի բնակիչ Անդրանիկ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցը դեռևս չի լուծվել, սակայն առաջարկել են, որ գազի գծերը հզորացնեն, որպեսզի կարողանան ջերմոցային տնտեսություններն աշխատեն։
«Այս տարի պետք է աշխատանքները սկսեն, որպեսզի մինչև ձմեռ ավարտեն։ Մեզ դեռ չեն ասել, թե ինչ գումարի մասին է խոսքը, եթե հին գծերի գազի ճնշումն ուժեղացնեն, գյուղացին վնաս չի կրի, եթե չանեն, ապա գյուղացին գումար պետք է տա, թե որքա՞ն՝ չենք կարող ասել, հերթը դեռ դրան չի հասել»,- նշեց Անդրանիկ Բարսեղյանը։
Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, մեր զրուցակիցն ասաց՝ վերջին շրջանում Հայաստանում ներքին արտադրողի բիզնեսը «մեռած» վիճակում է, քանի որ Իրանից մեծ քանակով ծաղիկներ են ներկրվում Հայաստան։
«Իրանից էժան ծաղիկ են ներկրում Հայաստան, իսկ այստեղ գյուղացին տառապում է՝ գազը թանկ է, շուկայում իր մշակած ծաղիկը չի կարողանում վաճառի։ Մի քանի հոգի Իրանից ծաղիկը ֆուրերով բերում-լցնում են, լճացում են սարքում, հիմա շատ վատ վիճակ է։ Մենք էլ նույն ծաղիկն ենք աճեցնում, բայց ավելի լավ որակի, իսկ Իրանից ներկրածի որակն այդքան էլ լավը չէ։ Իրանում արտադրողն ի՞նչ խնդիր ունի. գազը՝ էժան, տեղեր էլ կան, որ ձմեռ չի լինում։
Իրանից ծաղիկներ ներկրողները մի քանի հոգի են, սրա վրա որևէ «կոնտրոլ» չկա, գոնե այնպես անեն, որ ներկրված ծաղիկն այստեղի ծաղկի գնով լինի, լավ, գոնե 10 տոկոս լինի։ Այստեղից վաճառվող ծաղիկները կես գնով բերում, տալիս են խանութներին»,- նշեց մեր զրուցակիցը։
