ԱՄՆ-ում TikTok-ի ակտիվների վաճառքի գործարքը խափանվել է այն պատճառով, որ Չինաստանը վերանայել է գործարքի պայմաններն այն բանից հետո, երբ ամերիկյան վարչակազմը հավելյալ մաքսատուրքեր է սահմանել չինական ողջ արտադրանքի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք գործարք ունեինք, ավելի ճիշտ՝ բավականին մոտ էինք դրան։ Սակայն Չինաստանը փոխեց պայմանները մաքսատուրքերի պատճառով»,- ասել է Թրամփը, չմանրամասնելով, թե կոնկրետ որ պայմաններն են փոխվել Պեկինի կողմից։ Թրամփը նկատել է, որ եթե ինքը գոնե մի փոքր այդ մաքսատուրքերը նվազեցներ, ապա չինական կողմը 15 րոպեում կհամաձայներ գործարքի կնքմանը։ Թրամփն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, թե որքան ազդեցիկ են մաքսատուրքերը։
