Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։
«Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ Սիրիան օգտագործվի որևէ մեկի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, որպես Իսրայելի վրա հարձակվելու հենակետ: Թուրքիան ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր է»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի խոսքերով՝ ինքը և Թրամփը «քննարկել են բազմաթիվ ուղիներ», որոնք թույլ կտան խուսափել Իսրայելի և Թուրքիայի միջև հակամարտությունից Սիրիայի պատճառով։
«Եվ ես կարծում եմ, որ մենք թուրքերի հետ ավելի լավ բանակցող չենք կարող ունենալ, քան ԱՄՆ նախագահը»,- վստահ է Իսրայելի վարչապետը։
