Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը: Այս մասին հայտարարել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ Անթալիայում՝ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում։
Անիի կամուրջը վերականգնելու համատեղ ջանքերի մասին Հայաստանն ու Թուրքիան խոսում են դեռևս 2023-ից։
Քըլըչը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։
«Շփումներ ունեցանք Ռուբեն Ռուբինյանի (Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ -խմբ.) հետ, սակայն հաջորդ հանդիպման հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէ»,-ասել է Քըլըչը։
Ադրբեջանցի լրագրողները Սերդար Քըլըչին հարցրել են, թե Թուրքիան Հայաստանին Սահմանադրության փոփոխության պահանջ ներկայացրե՞լ է, սակայն Քըլըչը հստակ պատասխան չի տվել։
«Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ»,- ասել է Քըլըչը։
Անթալիայում հանդիպել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Ռուբինյանն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ լավ քննարկում են ունեցել։
