Եվրամիությունը չափազանց անհանգստացած է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակով և Իսրայելին կոչ է անում դադարեցնել պաղեստինյան անկլավի շրջափակումը և թույլ տալ վերսկսել մարդասիրական օգնությունը, ասվում է ԵՄ բարձրաստիճան դիվանագետի և հումանիտար և Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատարների համատեղ հայտարարության մեջ։
«ԵՄ-ն չափազանց անհանգստացած է Գազայում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով, որոնք վկայում են հրադադարի ընթացքում մատակարարվող պարենային պաշարների սպառման մասին։
Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ մարդասիրական օգնությունը պետք է հասնի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ ԵՄ-ն կրկնում է իր կոչը Իսրայելին՝ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը, որպեսզի մարդասիրական օգնությունը կարողանա ավելի մեծ քանակությամբ հոսել ողջ անկլավում»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ-ն նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել փետրվարի 23-ին 15 բուժաշխատողների մահվան մեղավորներին։
