Կրшկոցներ՝ Երևանում. երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացու կողմից հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է անգիտակից վիճակում, վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 52/2 շենքից, իսկ այդ շենքն ավելի շատ հայտնի է «Անկախ մայլա» թաղամաս անունով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները տուժածի տանը հայտնաբերել են «ՏՏ» տիպի ատրճանակ, պարկուճներ և ըստ նախնական տեղեկությունների՝ նշված զենքից է տուժածը հրազենային վնասվածքներ ստացել։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Կիսվել սոց․ ցանցերում