Երեք տարի է` մարդիկ ապրում են տիղմի եւ գարշահոտության մեջ

 

Երեւանի  Շիրակի  49 հասցեի բնակիչ Անուշ Զաքարյանն իր որդու եւ չորս փոքր թոռնիկների հետ հայտնվել է ծանր վիճակում: Տնակը, որտեղ ապրում են, լցվել է կոյուղաջրով:

<Երեկ, երբ աշխատանքից տուն եկա, մանկապարտեզից վերցրեցի երեխաներին, ջուրը լցվել էր տուն: Դուռը բացեցի, տեսա, որ ամբողջ տունը ջրով լցված է, անհնար է տուն մտնել: Ամեն ինչ` սնունդը, հագուստը, իրերը  ջրի մեջ էին: Մի կերպ  փորձել եմ ջուրը քաշել, դատարկել, իսկ գիշերը մնացել ենք մեր հարեւանի տանը: Առավոտյան վեր եմ կացել, այդ կոյուղաջուրը փորձել եմ դատարկել, աղբը քերել: Հիմա այդ տնակում ենք, ահավոր շան հոտ է գալիս, նեխահոտ: Մեր մյուս հարեւանի տունն էլ է լցվել կոյուղաջուրը: Ողջ գիշերը երեխաների հագուստներն եմ լվացել, անկողիններն եմ հանել դուրս, որ ցեխի մեջ էին >,- մեր զրույցի ժամանակ նշեց տիկին Անուշը:

Տուժած քաղաքացին ասում է, որ իրենց  տնակի մոտ նավթաբազա են կառուցել, շինարարություն են արել, պատ են շարել, որտեղից ջրերը հոսում, գալիս, իրենց տուն են լցվում:

<Երրորդ տարին է, ինչ եկել, կառուցել են, ջրերը լցվում են մեր տները: Երեք տարի է,  ինչ այս վիճակում ենք, այս կեղտաջրերի մեջ երեխաները կարող են հիվանդանալ, ամեն օր այս կեղտն են շնչում>,- ասաց  տիկին Անուշը:

Վարսիկ Կլեկչյանը, որը նույնպես ապրում է նշված հասցեում, մեզ հետ զրույցում նշեց, որ անձրեւը գալիս, ջուրը լցվում է տները, բակը, չեն կարողանում տնից դուրս գալ:

<Հիմա, ներկա պահին իմ բակը ցեխաջրի մեջ է, ահավոր տիղմի հոտ է գալիս, չեք պատկերացնի, թե ինչ է կատարվում այստեղ: Անընդհատ կոյուղաջուրը գալիս-լցվում է  մեր բակ:  Գոնե այդ տարածքը փակեն: Դիմել ենք  <Վեոլիա-ջուր> ընկերություն, ասել են` մեր գործը չէ>,- ասաց Վարսիկը:

Անուշ Զաքարյանն ասում է, որ որդին դիմել է պետական կառույցներին, սակայն ոչ մեկը չի արձագանքել, իսկ այդ տնակներում ապրել հնարավոր չէ, գարշահոտ է գալիս:

Մենք փորձեցինք կապ հաստատել Երեւանի քաղաքապետարանի հետ, սակայն մեր զանգերին չպատասխանեցին: Պարզաբանում ստանալու դեպքում կներկայացնենք այն անմիջապես:

Իրավիճակի մասին տեղեկացել է նաեւ Երեւանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը, որը պատրաստ է գնալ ահազանգի հետքով:

Թագուհի  Հակոբյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վագոն տնակում ապրող ընտանիք է՝ չորս անչափահաս երեխաներով, որոնց մայրը լքել է

Կիսվել սոց․ ցանցերում