<Դեմ եմ> քաղաքացիական շարժում ՀԿ-ի հրապարակմանն արձագանքել է Կոտայքի մարզի Արգել համայնքի բնակիչ Սեդա Գրիգորյանը:
Տարիներ առաջ` 2013թ., նա գյուղատնտեսական վարկ է վերցրել <Արդշինբանկ>-ից, որպեսզի անասուններ գնի եւ զբաղվի անասնապահությամբ: Տիկին Սեդային բանկը հինգ հազար ԱՄՆ դոլար է տրամադրել, գնել է անասուններ: 2014թ. նույն բանկը երկու հազար ԱՄՆ դոլար է տրամադրել անասնակերի համար: Քաղաքացին ասում է, որ ժամանակին` մինչեւ 2017թ., ինքը փակել է այդ վարկերը, չնայած առողջական խնդիրներ է ունեցել: Հետո անասունները հիվանդացել են դաբաղով, 2017 թվականից չի կարողացել մուծումներն անել: Եվ այդ ժամանակ երեք միլիոն ութ հարյուր հազար դրամի պարտք է կուտակվել:
<Այդ ժամանակ դեռ նախկին իշխանություններն էին, դիմեցի, ներկայացրեցի իմ խնդիրները, բայց արձագանք չեղավ: Հետո եղավ 2018թ. իշխանափոխությունը, Փաշինյանը կոչ արեց, որ պետք է վարկերը զրոյացնի, խոստումներ տվեց: Դիմեցի բանկ, ասացին, որ տույժ-տուգանքները կարող են հանել միայն, ուրիշ արտոնություն չկա: Պետք է տանեի, հինգ հազար ԱՄՆ դոլար վճարեի: Ի վիճակի չէի, իմ վիճակը բարդացավ: Վարկի համար իմ երաշխավորը հարեւանուհիս էր, նա էլ երկրում չէ, շատ խնդիրներ ուներ: Ես այդ վարկի համար դիմել եմ Փաշինյանին, իր օգնականի հետ էլ եմ զրուցել, ասում են, որ բանկերը պետությանը չեն պատկանում, անհատ անձանց են պատկանում: Դիմել եմ սոցիալական եւ աշխատանքի հարցերի նախարարություն, ասում են` բարերար գտեք: Ոչ մի ելք ու ճար չկա: Ես հիմա 36 հազար հաշմանդամության թոշակ եմ ստանում, որով նույնիսկ գոյատեւել չի լինում>,- պատմում է մեր զրուցակիցը:
Տիկին Սեդան ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր շատերը ինքնասպանություն են գործում ճարահատյալ, քանի որ չեն կարողանում փակել վարկերը:
Հիշեցնենք, որ <Դեմ եմ> քաղաքացիական շարժում ՀԿ-ն հետամուտ է լինելու քաղաքացիների բոլոր ահազանգերին եւ պայքարելու է դրանց լուծման հասնելու համար:
Թագուհի Հակոբյան
