Ընդամենը երկու օրից՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում կանցկացվեն ավագանու հերթական ընտրությունները, որին մասնակցող ամենատարբեր ուժերն ու դեմքերը գալիս են Երևանը փոխելու տարբեր ծրագրերով:
«Հայկական ժամանակ»-ն այս անգամ զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված ավագանու անդամի թեկնածու, Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանի հետ:
— Պարոն Իսպիրյան, Դուք, կարելի է ասել, քաղաքապետարանի հնաբնակներից եք, արդեն երկար տարիներ է՝ Երևանի ավագանու անդամ եք, ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում և ի՞նչ եք պատրաստվում անել նորից ընտրվելու դեպքում:
— Ծրագրերն այնքան շատ են, որ այս 5 տարիների ընթացքում ուղղակի հնարավոր չէր իրականացնել, թեպետ բավականին մեծ աշխատանք է արվել՝ հաշվի առնելով նաև քովիդին ու հետպատերազմյան դժվարին տարիները: Դժվարություններին զուգահեռ՝ կարողացանք բավականին լուրջ խնդիրներ լուծել Երևանի համար: Ես այն սերնդից եմ, որ տեսել է Երևանի ամբողջ էվոլուցիան՝ և՛ վարդագույն ու կանաչ քաղաքը՝ 70-80 ականներ Երևանը, և՛ այս Երևանը: Այդ փոփոխությունը և՛ վատ, և՛ լավ առումով իմ աչքի առաջ է տեղի ունեցել: Փոխելու շատ բան կա, մանավանդ բնապահպանության, քաղաքաշինության, մշակութային առումով:
— Նշեցիք, որ տեսել եք Երևանի էվոլուցիան, ու փոխելու շատ բան կա, կոնկրետ ի՞նչն եք պատրաստվում փոխել, ինչպիսի՞ն եք տեսնում Երևանի հետագա զարգացումը:
— Վերականգնելու ենք բոլոր բակերը, ստեղծելու ենք առողջ միջավայր քաղաքացիների համար, նամանավանդ՝ մանուկների: Սպորտային դահլիճների, բակերի պակաս կա: Ես ապրում եմ Թամանյանի պուրակի հարևանությամբ, այնտեղ բակ կա, և ես ամեն օր տեսնում եմ, որ երեխաները հերթ են կանգնում սպորտային դաշում խաղալու համար, քանի որ դա տարածքում եղած միակ նորմալ բակն է:
— Հաշվի առնելով նաև Ձեր ոլորտը՝ մշակույթը, այդտեղ ի՞նչ փոփոխություններ կուզեիք բերել և ինչպիսի՞ երաժշտական միջավայր եք պատկերացնում:
— Ժամանակին աշխատել եմ Գաֆէսճեան թանգարանում և առաջիններից եմ եղել, որ շատ որակյալ բացօթյա համերգներ եմ կազմակերպել. դասական, ժողովրդական երաժշտության, ջազ համերգներ, և դա դաստիարակության ձև է: Ես դա մոտավորապես 7 տարի արել եմ, հիմա էլ Թումոյի այգում ֆանտաստիկ համերգներ են լինում, «Անուշ» օպերան ցուցադրվեց, և բավականին շատ միջոցառումներ են լինելու: Կարծում եմ՝ մշակույթին առաջնահերթ պետք է հետևել, որպեսզի ճիշտ մշակույթ տարածվի մեր քաղաքում, և մեր հասարակությունը կրթվի բարձրորակ երաժշտությամբ:
— Ամեն դեպքում հասարակությունից պարբերաբար լսում ենք նաև դժգոհություններ ոչ գրագետ երաժշտական միջավայր ունենալու հետ կապված, հատկապես՝ փողոցային երաժշտության մասով:
— Եթե խոսքը Հյուսիսային պողոտայի և հրապարակին հարակից տարածքների մասին է, ինքս երկար ապրել եմ այդտեղ և վայելել փողոցային երաժշտությունը, որովհետև փողոցային երաժիշտներ կան, որ դարձել են շատ հանրահայտ: Հիմնականում դրական երաժշտությունն ավելի շատ է, քան բացասականը: Ես հանդիպել եմ ֆանտաստիկ երաժիշտների հյուսիսային պողոտայում: Իհարկե, կան նաև անճաշակ ու անորակ երաժիշտներ ու շատ բարձր երաժշտություն: Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է գալ ու զուռնայով նվագել բավականին բարձր ու երկար ժամերով: Վահագն Հայրապետյանի հետ նախագիծ կներկայացնենք, որպեսզի կարգավորվի այս ոլորտը: Այդ շրջանում կարելի է նաև փողոցային առևտուրը կարգավորել ու կանոնակարգել, ով որտեղ ուզում, երբ ինչ ուզում, վաճառում է, դա մեզ պատիվ չի բերում և տգեղ է:
— Ինչպիսի՞ն պետք է լինի Երևանը երևանցու համար և երևանցին Երևանի համար:
— Գիտեք՝ այնքան հետաքրքիր բան ասացիք, իմ մանկությունը հիշեցի: Չարենցի դպրոցում եմ սովորել, դպրոցից դուրս էինք գալիս, տուն չէինք գնում, ամբողջ օրը զբոսնում էինք: Ուրեմն «Պապլովոկ»-ը մի միջավայր էր, որտեղ հանդիպում էինք հայտնի դերասաններին, ու մենք հատուկ գնում էինք իրենց տեսնելու, հետո գալիս էինք, «Սկվազնյաչոկ» կար, որը գտնվում էր Կինո «Նաիրի»-ի կողքը, այնտեղ պաղպաղակ և հյութեր էին վաճառում: Գրողներ էին հավաքվում, արձակագիրներ, գնում էինք տեսնելու մեր հայտնիներին: Հետո գնում էինք, «Կինոմոսկվա»-ի կողքը գինետուն կար, այնտեղ տեսնում էինք մեր ֆանտաստիկ դերասաններին՝ Խորեն Աբրահամյան, Շերենց, Սոս Սարգսյան… Այ սենց հրաշալի միջավայրում եմ ես մեծացել, կուզենայի, որ այդ միջավայրը վերածնվեր Երևանում և լիներ այդ մշակութային մթնոլորտը, որ մենք տեսնեինք ու սովորեինք: Երբ մշակութային գործիչներ են հավաքվում մի տեղ, այդտեղ զգում ես Երևանի զարկերակը, և դա փոխանցվում է քեզ:
— Իսկ ի՞նչ է պահանջվում մեզնից յուրաքանչյուրիցս. ի՞նչ պետք է փոխվի երևանցու վերաբերմունքում:
— Այդ ամեն ինչի պատասխանը սիրո մեջ է, սերը, հարգանքը մեկը մյուսի նկատմամբ և, ամենակարևորը, կրթությունը. կրթություն, կրթություն, կրթություն… Եթե կրթությունը լինի, նաև կլինի և՛ սերը, և՛ հույսը, և՛ հավատը: Կրթության վրա շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք:
— Վերադառնալով ընտրություններին՝ ինչպիսի՞ մրցակցություն է սպասվում, ովքե՞ր ունեն մեծ շանսեր:
— Շանսերը ամսի 17-ին կերևան, բայց ուզում եմ նշել, որ մեզ հարկավոր է առողջ ընդդիմություն: Օրինակ՝ երեկվա դեբատում բավականին լուրջ խնդիրներ էին բարձրաձայնվում, որոնց հետ մասամբ համաձայն եմ և կուզեմ, որ ավագանիում լինի առողջ ընդդիմություն, կարողանանք միասին խնդիրներին լուծում տալ: Իսկ եթե պետք է գան, ուղղակի նստեն, խանգարեն ու բղավեն, ոնց որ միշտ է եղել, անթույլատրելի կլինի: Նախ, դա տհաճ է, երկրորդը՝ կարևոր հարցեր քննարկելու փոխարեն ամբողջ ժամանակը գնում է բառախաղերի և բանավեճերի վրա, այն էլ շատ տգեղ բանավեճերի, քանի որ բանավեճի կուլտուրա էլ չկա: Հուսով եմ՝ մեր ժողովուրդն այնքան խորիմաստ է և զգայուն, որ այդ ամեն ինչը զգում է և տեսնում, մեր կատարած աշխատանքն էլ է տեսնում, սուտ խոստումն էլ է տեսնում և, կարծում եմ, ճիշտ ընտրություն կկատարի:
— Ուժեր կամ անուններ կնշե՞ք, որոնք կապահովեն այդ առողջ միջավայրը:
— Շատ բարդ հարց եք տալիս, անգամ չեմ կարողանում հիմա որևէ մեկին առանձնացնել: Անհատներ կան, որոնց անձամբ ծանոթ եմ և կուզենայի, որ միասին աշխատենք: Մենք նույնիսկ մտածում ենք ձևավորել աշխատանքային խումբ քաղաքը սիրող մարդկանցից, հեղինակավոր մարդկանցից, որոնք շատ հարցեր ունեն, սակայն հարթակ չունեն: Կուզենայի, որ իրենք ակտիվ, մենք էլ բաց լինեինք նրանց համար:
— Պարոն Իսպիրյան ի՞նչ ասել է Երևանը սիրող մարդիկ, այդ սերը ինչպե՞ս պետք է արտահայտվի: Երևանը սիրելը ինչ-որ վերացական բա՞ն է, թե՞ գործողություններ ու պարտավորություններ:
— Դրանք կոնկրետ գործողություններ են: Փողոցում սիգարետ կամ աղբ նետող մարդը չի կարող Երևանը սիրել, շատ անգամ ես էլ եմ կոնֆետ ուտում, բայց թուղթն այնքան երկար եմ պահում՝ մինչև աղբաման գտնեմ ու գցեմ: Երևանցի լինելը, Երևանը սիրելը դիագնոզ է, դա բառերով չես կարող արտահայտել: Ամեն առավոտ արթնանում ես, խորը շունչ քաշում ու ասում՝ Երևան ջան, դա սիրելու դրսևորում է, իսկ երբ սերը կա, դու չես կարող ոչ մի սխալ քայլ անել քո քաղաքում, քաղաքի հանդեպ: Չես կարող մեքենան կայանել Օպերայի բակում՝ մուտքի մոտ, երևանցիները օրենքներ ունեն, որ երբեք թույլ չեն տա, որ խախտեն: Երևանցի նկատի չունեմ Երևանում ծնված մեծացած, իմ կինը և լիքը սփյուռքահայ ընկերներ ունեմ, որոնք Երևանում չեն ծնվել, Երևանը չեն տեսել այնպիսին, ինչպիսին ես եմ տեսել, բայց այնքան սրտացավ վերաբերմունք ունեն, որ ինձ համար իրենք ավելի երևանցի են, քան շատ երևանցիներ: Իմ կինն ամեն առավոտ «50-ամյակ»-ի հարթակում ձեռնոցներով աղբն է հավաքում: Շատ մարդիկ քմծիծաղով են դրան նայում, բայց ես հպարտանում եմ:
— Երևանցիներին ի՞նչ կասեք:
— Ուզում եմ ասել, որ բացթողումների համար մեզ ներեն, բայց նաև բավականին մեծ աշխատանքներ են արվել և՛ կրթության, և՛ մշակութային, և՛ բնապահպանության ոլորտներում: Նամանավանդ վերջին տարում այնքան բան է արվել, որ 30 տարվա աշխատանք երկու տարվա ընթացքում արվել է: Մենք մեր քաղաքը սիրում ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի այնտեղ ապրելը լինի հաճելի, հետաքրքիր և ուրախ:
