ՄԱԿ-ում նախատեսվում են իրականացնել արմատական վերակառուցումներ՝ հիմնական ստորաբաժանումների միավորման եւ ռեսուրսների վերաբաշխման ճանապարհով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված վեցէջանոց աշխատանքային փաստաթուղթը, որը պատրաստվել էր Անտոնիու Գուտերեշի ձեւավորած աշխատանքային խմբի կողմից։ Փաստաթուղթը նախատեսում է տասնյակ գործակալություններ միավորել չորս հիմնական ուղղություններում՝ խաղաղություն եւ անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում եւ մարդու իրավունքներ։ Այսպես՝ Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատարի գրասենյակը միավորվում են մեկ ընդհանուր կառույցի՝ Հումանիտար մարմնի մեջ։
Բարեփոխումների արդյունքում նույն պարտականությունները ունեցող պաշտոնները կմիավորվեն ուղղության ներսում եւ կիրականցվի հաստիքի կրճատում։ Նախատեսվում է նաեւ աշխատակազմի մի մասին Ժնեւից եւ Նյու-Յորքից տեղափոխել ավելի քիչ ծախսատար քաղաքներ։ Բարեփոխումների պատճառը ՄԱԿ-ում առաջացած ֆինանսական ճգնաժամն է։ Հիմնական դոնոր հանդիսացող ՄԱԿ-ը հիմնական բյուջեի մասով 1,5 միլիարդ, իսկ խաղաղարար գործողությունների գծով՝ 1,2 միլիարդ դոլարի պարտք է գոյացրել։ Արդեն իսկ որոշակի կրճատումներ իրականացվել են առանձին գործողությունների մասով, նշված է հրապարակման մեջ։
