Այսօր տեղեկացանք, որ 30-ամյա կնոջը` երկու երեխաների մորը, հրավիրել են դատախազություն` Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքում քննադատելու, քոմենթ գրելու համար: Տիկնոջ ընկերներից մեկը` Կորյուն Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ կինն այսօր Դատախազությունից տեղափոխվել է Քննչական կոմիտե և այժմ քննիչների հսկողության տակ է. «Գրառումը Արցախի հողերի մասին է, գրվել է, որ հողեր հանձնողի ձեռքը պետք է կտրվի, այն դիտարկվել է որպես բռնության կոչ, մեծ պատմություն է դարձել: Կինն ունի երկու անչափահաս երեխա, քննիչը վերցրել է նրա հեռախոսը, այժմ պրոցես է սկսվել, բացատրությունների փուլում են, մենք իրավաբան ենք փնտրում», — ասում է մեր զրուցակիցը: Դեպքի մանրամասները փորձեցինք պարզել գրառում կատարած կնոջ ամուսնուց` Էդվարդից:
— Որտե՞ղ է հիմա Ձեր կինը, կոնկրետ ի՞նչ գրառում է արել, որտե՞ղ:
— Աբսուրդ է, որ քաղաքացուն կարծիք հայտնելու համար կարող են Քննչական կանչել: Ոչ վիրավորանք է եղել, ոչ սպառնալիք, ոչ մի նման բան: 1-in.am լրատվական կայքում նյութերից մեկի տակ կինս անդրադարձել է հողերի հանձնմանը: Փաշինյանին հարց են ուղղել` հողեր հանձնելու մասին և այդ նյութի տակ կինս իր վրդովմունքն է հայտնել, քանի որ ես ինքս Ղարաբաղում եմ ծառայել, մեծ կապեր ունենք և այլն: Ղարաբաղի հանձնումը մեր ընտանիքի համար տառապանք է, քանի որ նոր զիջումների մասին է խոսք գնում, փոխաբերական իմաստով կինս գրել է, որ հողեր հանձնող մարդու ձեռքերն ու ոտքերը թող կտրվեն, որպեսզի էլ ոչ մի կտոր հող մեր հայրենիքից չհանձնի: Կտրել բառից են կառչել և որոշել են, որ դա բռնության կոչ է: Կնոջս` Վ. Ա-ի վրա հոդված են փորձում դնել, որ կամ պետք է հինգ տարվա ազատազրկման ենթարկվի, կամ էլ աշխատավարձի 50-ապատիկի չափով պետությանը տույժ վճարի: Մենք երկու անչափահաս երեխա ունենք: Գործով զբաղվում է Աբովյանի Քննչականը, քննիչը վերցրել էր կնոջս բջջային հեռախոսը:
— Իսկ ինչպե՞ս են Ձեր կնոջը քննչական տեղափոխել, հրավիրե՞լ են, թե՞ բերման են ենթարկել:
— Նամակ է եկել: Ես պետական աշխատող եմ, շատ վատ զգացի, որ նամակի միջոցով են մեզ տեղյակ պահել, մեծ ընտանիք ունենք, եթե մեր փոխարեն մեկ ուրիշը վերցներ նամակը ի՞նչ կմտածեր, ինչի՞ համար են մանկահասակ երեխաների մորը Քննչականից կանչում: Այսօր մարդիկ ինչ ասես գրում են իշխանությունների մասին, բայց իմ կինը զուտ կարծիք է հայտնել` ոչ հրահրել է, ոչ հայհոյել է: Քաղաքացի է, չունի՞ ազատ ազատ խոսքի իրավունք, ո՞վ է ասում, որ մարդը չի կարող իր կարծիքը հրապարակային արտահայտել:
— Ե՞րբ է դեպքը տեղի ունեցել:
— Երեկ է դեպքը տեղի ունեցել, ի դեպ, ասեմ, որ գրառումը կինս արել է մարտ ամսին: Այսինքն` երկու ամիս անց նոր որոշել են նման գործողություններ անել:
— Հիմա որտե՞ղ է Ձեր կինը:
— Այս պահին տանն է, արդեն չգիտեմ, քանի ժամ է` վատ վիճակում ենք, չեմ հասկանում ի՞նչն է խնդիրը, որ հենց իմ կնոջ հետևից են եկել: Ծնողն էլ երեխային երբեմն սաստելու համար ասում է` լեզդուդ կկտրեմ, աչքերդ կհանեմ, ձեռքդ կկտրեմ, բայց հո՞ չի անում, հո՞ բռնություն չի քարոզում դրանով: Արտահայտություն է` անում են:
— Ունե՞ք փաստաբան:
— Այս պահին՝ դեռ ոչ: Կնոջս հեռախոսն էլ առգրավել են, հետո նախատեսել են խուզարկություն, դեռևս գործ չի հարուցվել, բայց հարցը նրանում է, թե ինչի հիման վրա պիտի հարուցվի, ինչ վիրավորանքներ ասես գրում են իշխանության մասին, ինչո՞ւ հենց մենք….
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0e10adcba986895412ffbb5cd21eec43?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExMWh6ZnNjUGtidWdKcHVXagEes7F1cRhTKvMJOipfauePQ2rDapMyKSjsz1wLSbQgC7qa0oijEcYlHz8rBzE_aem_YOMUEkQ5CZY88xmw2TPZAA
