Աշխարհահռչակ բելգիական «Hooverphonic» խումբն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում:
Մայիսի 7-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում խումբը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, իսկ մայիսի 8-ին կայանալիք մենահամերգին կհնչեն բոլորի կողմից սիրված Mad About You, Eden, Romantic, 2Wicky և այլ հիթեր:
«Համերգի ընթացքում կցանկանայինք հանդիսատեսին տեղափոխել մեկ այլ՝ ավելի գեղեցիկ ու հրաշալի աշխարհ՝ կտրելով նրանց կենցաղից ու իրականությունից»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է խմբի երգահան, բաս-կիթառահար Ալեքս Կալյեն:

Երեկ՝ մայիսի 6-ին, Երևանի Թումոյի շենքում կայացավ բացառիկ հանդիպում Hooverphonic բելգիական աշխարհահռչակ բենդի և ուսանողների միջև։
Միջոցառման ընթացքում հայտնի խմբի երաժիշտները Թումոյի երիտասարդների կատարմամբ վայելեցին իրենց հանրահայտ երգերը, որին հաջորդեց ուսանողների և արտիստների անմիջական շփումը՝ հարց ու պատասխան ձևաչափով:

Թումոյի ուսանողական «Ուրու», «Կանգուն» և «Զրանգի» բենդերն աշխարհահռչակ երաժիշտների ներկայությամբ կատարեցին նրանց հանրահայտ հիթերը՝ «Mad about you», «2-Wicky» և այլն:
«Hooverphonic» բելգիական երաժշտական խումբը ստեղծվել է 1995 թվականին:

Նշենք, որ «Hooverphonic»-ի երևանյան բացառիկ երկու համերգները կկայանան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում:
Համերգին ուղղված գումարի մի մասը կհատկացվի լսողության խնդիրներ ունեցող երեխաներին:









