Այսօր այս պահանջը գալիս է գյուղացուց, ում նորատունկ սածիլները, այգիներն ու աշխատանքը օրեր առաջ մեկ ակնթարթում ոչնչացրեց տեղացած կարկուտը։
Վերջին օրերին Հայաստանի տարբեր մարզերում տեղի ունեցած ուժգին կարկուտը ոչ միայն քայքայեց նորատունկ այգիներն ու սածիլները, այլ կտրեց հույսը մի ամբողջ սեզոնի ապրուստից։ Հարյուրավոր գյուղացիներ բառացիորեն կանգնել են տնտեսական աղետի առաջ՝ առանց վարձատրության, առանց ապահովագրության, առանց պետության իրական օժանդակության։
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժումը հանդես է գալիս հստակ պահանջով՝
Կառավարությունը պարտավոր է անհապաղ գործարկել արտակարգ աջակցության ծրագիր՝
• կատարելով իրական փոխհատուցում տուժած հողագործներին,
• վերանայելով գյուղատնտեսական ապահովագրության համակարգը,
• կրճատելով մթերման և վարկային պարտավորությունների ճնշումը։
Մենք չենք կարող լռել այն պահին, երբ գյուղացին կրկին միայնակ է իր ցավի ու տապալված աշխատանքների առաջ։
Հող մշակողը քաղաքական գործիչ չէ, բայց իր գործով պաշտպանում է պետությունը։
Պետությունը պարտավոր է պատասխանել նույն կերպ՝ գործով, ոչ հայտարարություններով։
Այս կոչը թող լինի մեկտեղման ազդանշան բոլոր նրանց համար, ովքեր գյուղացու ցավը համարում են ոչ թե «բնական աղետ», այլ ազգային արժանապատվության խաթարում։
________________________________________
«ԴԵՄ ԵՄ» ՇԱՐԺՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մենք՝ որպես քաղաքացիական շարժում, պահանջում ենք հետևյալ անհետաձգելի քայլերը․
ԱՆՀԱՊԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Տուժած համայնքների շտապ քարտեզագրում և անկախ վնասի գնահատում՝ ըստ համայնք, ըստ մշակաբույս։
2. Անմիջական ֆինանսական աջակցություն տուժած տնտեսություններին, կանխիկ կամ բանկային փոխանցմամբ՝ առանց երկար ընթացակարգերի։
ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
3. Գյուղատնտեսական վարկերի սառեցում կամ զիջում՝ 2025 թվականի գարնանային սեզոնի կտրվածքով։
4. Պետական պահուստներից անվճար կամ սուբսիդավորված սերմացու, սածիլ, պարարտանյութ ու դիզել։
ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
5. Գյուղատնտեսական ապահովագրական համակարգի բարեփոխում, որպեսզի գյուղացին չմնա անպաշտպան հաջորդ բնական աղետի դեմ։
6. Տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցություն աջակցման և վերահսկողության գործընթացներին։
ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
7. Քաղաքացիական դիտորդական խորհուրդների ձևավորում, որոնք կվերահսկեն պետական աջակցության գործնական իրագործումը համայնքներում։
Հ․Գ Չկա պառլամենտական ընդիմություն, որ մեր բարձրաձայնած խնդիրները բերի օրակարգ․․․
Մենք հողագործի աշխատանքի և արդարության կողմնակից ենք։
ԴԵՄ ԵՆՔ անտարբերությանն ու անպատասխանատվությանը։
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման Նախագահ
