Ճապոնիայում քաղաքական սկшնդալ է տեղի ունեցել նախարարի՝ բրնձի մասին հայտարարության պատճառով

Ճապոնիայում հասունանում է քաղաքական սկանդալ, որի պատճառ է դարձել գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարար Տակու Էտոյի հայտարարությունն այն մասին, որ ինքը երբեք սպիտակ բրինձ չի գնում, քանի որ իր ընտանիքն այնքան շատ է ստանում դրանից, որ կարող է անգամ վաճառել։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նրա հայտարարությունը սուր է ընկալվել հանրության շրջանում, քանի որ վերջին ամիսներին Ճապոնիայում բրնձի գները կտրուկ աճել են, այնքան, որ կառավարությունը սկսել է վաճառել պետական ​​պահուստներում եղած բրինձը։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նման բան տեղի է ունենում խաղաղ ժամանակներում և առանց բնական աղետների։

Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարարի կինը հանդիմանել է ամուսնուն՝ բրնձի վերաբերյալ ոչ պատշաճ մեկնաբանությունների համար՝ հաշվի առնելով երկրում հիմնական սննդամթերքի բարձր գները։ Այս մասին լրագրողներին ասել է ինքը՝ Էտոն։

«Ես հենց նոր խոսեցի կնոջս հետ, և նա ինձ վրա բարկացավ», — ասել է Էտոն: Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավարը խոստովանել է, որ իրականում սխալ է արտահայտվել։

«Ես ուզում էի իմ հայտարարություններով խրախուսել մարդկանց ավելի շատ շագանակագույն բրինձ գնել, բայց ես սխալ արտահայտվեցի։ Ես չափազանց ցավում եմ, որ իմ ոչ ճիշտ ձևակերպված հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել»,- հավելել է նա՝ մեկնաբանելով այն փաստը, որ իր հայտարարությունները սոցցանցերում օգտատերերի բուռն արձագանք են առաջացրել։

Կիսվել սոց․ ցանցերում