Քննչական կոմիտեի շենքից 590,000 դոլարի գողության գործի շրջանակում ներգրավված երկու մեղադրյալները կալանավորվել են։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ կալանավորվածներից մեկը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը։
Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք՝ ներկայացնելով քննիչի կեղծ անցագիր։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, տղամարդը ներս է անցել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչության շենք՝ աշխատանքային ժամին, և այնտեղ մնացել ամբողջ գիշեր։ Առավոտյան բացահայտվել է, որ շենքից հափշտակվել է 590,000 դոլար։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ հափշտակված գումարի զգալի մասը՝ 578․800 դոլար, հայտնաբերվել է։ Իրավապահները պարզել են խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմը և գումարի պահման վայրերը։
