Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն Երևանում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջնահերթություններն ու հայ-հունգարական համագործակցության օրակարգը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նախարարները ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում վերջին շրջանում համատեղ ջանքերով ձեռք բերված արդյունքները և հույս հայտնել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա համագործակցության զարգացման ուղղությամբ։
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթղթերին, ինչպես նաև աջակցության շրջանակներում ԼՂ-ից տեղահանված երեխաների ու նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։
Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ ներդրվող ջանքերը։
Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցրել էր 2012-ին՝ այն բանից հետո, երբ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջան և անմիջապես ներում ստացավ Իլհամ Ալիևի կողմից:
Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2022-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպմանը։ Որոշվել էր նաև, որ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն։
11 տարվա դիվանագիտական կապերի բացակայությունից հետո 2023-ին Հայաստանը՝ Հունգարիայում, Հունգարիան՝ Հայաստանում, դեսպաններ նշանակեցին։ Երկու երկրների դեսպանների նստավայրը Թբիլիսիում է։
