«Սիրով ընդունեց առաջարկը». «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի գլխավոր հերոսին կմարմնավորի Արթուր Դարբինյանը. հեղինակը մանրամասնում է

«Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսվել են, վերջնականացնում ենք քասթինգը, արդեն հայտարարվել է, որ գլխավոր հերոսին մարմնավորելու է ամերիկաբնակ դերասան Արթուր Դարբինյանը:

Մյուս դերասաններին շուտով հերթով կբացահայտենք: Նկարահանումների մեկնարկը կտրվի հուլիսի կեսին, մոտ մեկ ամիս կնկարահանենք»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի էկրանավորման մասին, պատմեց գրող, բլոգեր Ռուբեն Եսայանը:

Նրա խոսքով՝ շատ երկար են մտածել, թե որ դերասանը կկարողանա կերպարին մոտ լինել և՛ արտաքնապես, և՛ ձայնով, և՛ պոֆեսիոնալիզմով: Ի վերջո, ընտրությունը կանգ է առել Արթուր Դարբինյանի վրա:

«Երբ նրա հետ խոսեցի, նա շատ մեծ սիրով համաձայնեց: Գիրքը չէր կարդացել, բայց շատ ուրախացավ, երբ իմացավ գրքի հաջողության մասին ու միանգամից ցանկացավ կարդալ:

Մի քանի օրում կարդաց, գրեց, որ շատ է հավանել, շատ տպավորված է ու մեծ սիրով կնկարահանվի: Հետո ուղարկեցինք սցենարը, որը 1 օրում կարդաց ու հիմա սպասում է, երբ կհստակեցնենք ժամկետները, որպեսզի գա Հայաստան՝ նկարահանումներին մասնակցելու»,- նշեց Ռուբեն Եսայանը:

Ըստ նրա՝ հիմնական նկարահանումը լինելու է Լոռու մարզում՝ մի քանի գյուղերում: Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է տարեվերջին:

Հիշեցնենք՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքը ամենաշատ վաճառվածն էր 2023-ին, այն առաջին հայկական գիրքն է սարսափ-թրիլլեր ժանրում:

Ոմանք վատ էին զգում, բայց մնացին մինչև վերջ, որպեսզի գիրքը մակագրեմ

Անդրադառնալով վերջին՝ «Մարդասպանը ես եմ» գրքի շնորհանդեսին՝  Ռուբեն Եսայանը նշեց, որ այդ օրն իսկական տեղատարափ էր և բազմաթիվ ընթերցողներ եկել էին գրքի հետևից: Շնորդանդեսն այնքան մարդաշատ էր, որ ներկաներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ:

«Ոմանք վատ էին զգում, բայց մնացին մինչև վերջ, որպեսզի գիրքը մակագրեմ: Հետո իմ ինքնազգացողությունը ևս վատացավ, հայտարարեցի, որ դուրս գանք տարածքից, որ կարողանամ շարունակել: Մակագրությունը շարունակեցինք արդեն դրսում»,- պատմեց հեղինակը:

«Մարդասպանը ես եմ» գիրքը «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի շարունակությունն է, որը շուտով կէկրանավորվի:

«Եթե ֆիլմն ունենա այն հաջողությունը, որն ակնկալում ենք, բնականաբար նաև 2-րդ մասը կնկարահանենք»,- հավելեց մեր զրուցակիցը:

Խոսելով նոր գրքի ցուցանիշներից՝ Ռուբեն Եսայանը նշեց, որ շատ բարձր են ու այս ցուցանիշներով արդեն իսկ համարվում է ամենավաճառվածը Հայաստանում:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Կիսվել սոց․ ցանցերում