«Դեռ չգիտենք, ինչ ենք հագնելու, բայց անակնկալներով լի համերգ է լինելու». «Նեմրա»-ի հույզերն ու սպասումները համերգից առաջ

Հունիսի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Նեմրա» ռոք խմբի մեծ մենահամերգը: Համերգային երեկոյին խումբը նաև կներկայացնի  11 նոր երգից բաղկացած The end of The Party նոր ալբոմը։

Խմբի անդամները նշել են, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, և իրենք մեծ ոգևորությամբ սպասում են այդ երեկոյին։

«Շատ ոգևորված եմ, որ ներկայացնելու ենք մեր նոր երգերը 3-րդ ձայնասկավառակից: Շատ երկար մտածում էինք համերգը կիսել երկու մասի, այսինքն` մի մասը նվագել նոր երգերը, մյուսը՝ արդեն սիրված երգերը, բայց վերջում եկանք այն եզրահանգման, որ ավելի լավ է միքսենք, այսինքն՝ կնվագենք թե՛ նոր երգերը, թե՛ արդեն սիրված երգերը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վան Եղիազարյանը:

Նա նշեց, որ նոր ձայնասկավառակի երգերը 11-ն են:

«Երգի հեղինակները ես ու Վասպուրն ենք, երգերն անգլերեն լեզվով են: Երգերը 2019 թվականից մինչև հիմա կուտակված մեր էմոցիաներն են, մտքերն ու զգացմունքները: Մեր կյանքից պոկված հատվածներ են»,- նշեց Վանը:

Խմբի անդամները նշեցին, որ համալիրում համերգ ունենալու առաջարկը եղել է TM production-ի կողմից:

Համերգներից առաջ ու ընդհանրապես համերգների ժամանակ ամենաշատ հուզվողը Մարիաննա Կարակեյանն է:

«Հուզմունքը գնալով ավելի շատանում է, բայց լավ առումով, որովհետև իրոք շատ ոգևորված ենք, որ նման մեծ համերգ ենք ունենալու և համագործակցում ենք նաև TM Production-ի հետ»,- նշեց Մարիաննա Կարակեյանը:

«Առանձնահատուկ ենք վերաբերվում այս համերգին առաջին հերթին նրա համար, որ նվագելու ենք մեր նոր երգերը, որ արդեն մեզ հասցրել են տանջել այս ընթացքում: Չենք համբերում, երբ պետք է ներկայացնենք այդ երգերը  բեմում: Շատ ուրախ ենք, որ համալիրում է լինելու»,-ավելացրեց Վանը:

Վերջերս «Նեմրա» խումբը համագործակցելով Սերժ Թանկյանի հետ հանդիսատեսի դատին էր ներկայացրել «I’m Afraid of Stars» տեսահոլովակը: Համերգի օրն առաջին անգամ երգը կհնչի կենդանի կատարմամբ:

«Միան Սերժ Թանկյանի ձայնը կհնչի ձայնագրաված տարբերակով, ցավոք, նա չի կարողանա ներկա գտնվել համերգին, չնայած պլանավորում էինք»,- պատմեց Մարիաննան:

Համերգի ընթացքում կհնչի նաև Լիլի Էլբակյանի հետ զուգերգը՝ «Բացվի երկինք» երգը, որն ըստ Վանի` շատ է սիրվել հանդիսատեսի կողմից: Այդ առիթով նույնպես ոգևորված ենք, որովհետև պետք է արդեն «Նեմրա» խմբով ներկայացնենք այդ երգը, ոչ թե` ես ու Լիլին»,- նշեց Վան Եղիազարյանը:

Խմբի անդամները խոստանում են անակնկալներով լի երեկո, իսկ Վասպուր Եղիազարյանին ամենակարևոր հարցն է մտահոգում՝ դեռ չգիտեն ինչ են հագնելու:

Վանն էլ հավելում է, որ միշտ համերգից րոպեներ առաջ է որոշում ինչ հագնել, ըստ՝ տրամադրության: Իսկ այդ օրը՝ հունիսի 11-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից հանդիսատեսը հեռանալու է անմոռանալի էմոցիաներով ու բարձր տրամադրությամբ. վստահեցնում է «Նեմրա»-ն:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Կիսվել սոց․ ցանցերում