Հունիսի 27-ի գիշերը Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, Ուկրաինայի զինված ուժերը և Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Մարինովկա օդանավակայանում ոչնչացրել են երկու ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներ և վնասել ևս երկուսը։
Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով վերոնշյալ գործակալություններին։
Նշվում է, որ ինքնաթիռները հարձակման են ենթարկվել հեռահար անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Տեղեկատվության համաձայն, հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել օդանավակայանի տեխնիկական և շահագործման մասում, որը ռազմական օբյեկտի կարևորագույն ենթակառուցվածքն է։ Այնտեղ ինքնաթիռները պատրաստվում են թռիչքների, իրականացվում են դրանց ընթացիկ սպասարկման և վերանորոգման աշխատանքները։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Սու-34-ները Ռուսաստանի մարտավարական ավիացիայի հիմնական ինքնաթիռներն են, որոնք հրթիռա-ռումբային հարվածներ են հասցնում ուկրաինական դիրքերին և բնակավայրերին։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերում դրանք դասակարգվում են որպես առաջնագծի կործանիչ-ռմբակոծիչներ։ Դրանք օգտագործվում են, մասնավորապես, կառավարվող ավիառումբեր նետելու համար, այդ թվում՝ պլանավորման և ուղղման մոդուլներով », — ընդգծել է Ուկրաինայի Գլխավոր շտաբը։
