«Սիրելի քաղաքացիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ վերահաշվարկի դիմում չի ներկայացրել»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ մամուլում առկա տեղեկատվությունը և, «բնականաբար, դրա հիման վրա կատարվող «վերլուծությունները» ՍԽԱԼ են»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ հայտնում են, որ Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները այսօր՝ ժամը 11։00-ին, արտահերթ նիստ են գումարել և վիճակահանությամբ որոշել իրենց սպասարկման տարածքի այն երեք տեղամասերը, որոնցում պետք է վերահաշվարկ իրականացնեն։
Երևանի 10 ընտրատարածքային հանձնաժողովներից վերահաշվարկի դիմում առկա է միայն թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ մեկ դիմում։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, և պետք է ավարտվեն մինչև սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։
Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։
