«Նրա երգերը ստիպում են դուրս գալ կաղապարներից». ջազը վերադարձավ Էլվինա Մակարյանի ձայնով

Օրերս առաջին անգամ հնչեց լեգենդար Էլվինա Մակարյանի երբևէ չթողարկված ջազային ալբոմը։ Տարիներ առաջ ձայնագրված, սակայն մինչ այսօր անհայտ մնացած վեց ստեղծագործությունները կյանքի նոր շունչ են ստացել՝ վինիլային ձայներիզի տեսքով։ Երաժշտության հեղինակն է Էլվինա Մակարյանը, խոսքերը՝ Ռիտա Սուքիասյանի, իսկ նախագծի կազմակերպիչն ու գաղափարի իրագործողը՝ ռեժիսոր և երգիչ Արման Աղաջանյանը։

Tert.am Life-ը զրուցել է արտիստների հետ, լսել նրանց պատմություններն ու նոր բացահայտումները Էլվինա Մակարյանի մասին:

«Էլվինան ֆանտաստիկ հումոր ուներ, բայց ծնվել էր ոչ ճիշտ ժամանակին». Արման Աղաջանյան

«Երբ մարդը կողքիդ է, թվում է՝ նա միշտ կլինի, ու շատ բան բաց ես թողնում՝ չհասցնելով նրան վայելել։ Այդպես եղավ նաև Էլվինայի հետ։ Տարիներ առաջ վեց երգ ձայնագրեցինք, որոնք պետք է շարունակություն ունենային, բայց, ցավոք, չկարողացանք ավարտին հասցնել։ Այդ երգերը մնացին պահված իմ արխիվում, մինչև Վահան Մարտիրոսյանն ու Գրիգոր Վահրամյանը առաջարկեցին թողարկել դրանք վինիլով։ Այսօր CD թողարկելը այնքան էլ արդիական չէ, իսկ վինիլը կարող է դառնալ յուրօրինակ հուշանվեր նրա երկրպագուների համար։ Էլվինան սկզբում իմ ուսուցիչն էր, հետո դարձավ քույրս։ Մենք գրեթե ամեն օր շփվում էինք։ Նա ֆանտաստիկ հումոր ուներ և սիրում էր հումորասեր մարդկանց։ Նեղացած երբեք չի եղել․ պարզապես չէր կարողանում համակերպվել իր միակ զավակի կորստի հետ։ Այդ ողբերգությունից հետո նրա կյանքը շատ բարդացավ, և դժվարանում էր տեսնել կյանքի գույները։ Էլվինան կանգնած էր հայկական ջազի ակունքներում։ Սովետական տարիներին նման երաժշտությունը լայն տարածում չուներ, և մարդիկ պատրաստ չէին այն լսել։ Այնուամենայնիվ, գտնվեցին նաև մարդիկ, ովքեր բարձր գնահատեցին նրա երաժշտական հեղափոխությունը։ Կարծում եմ՝ այսօր շատ կարևոր է Էլվինայի երաժշտությունը ներկայացնել նոր սերնդին, քանի որ մեր էստրադան ու պոպ արվեստը մեծապես խեղաթյուրված են, և մենք կարիք ունենք որակյալ երաժշտության»։

«Նրա երգերը կատարելով՝ հավերժ ապրեցնում ես արտիստին». Կարինա Առուստամյան

«Գրիշա Աղաղանյանի հետ ներկայացրեցինք «Առանց սեր չկա գարուն» երգը։ Նման միջոցառումների շնորհիվ երաժշտությունը շարունակում է ապրել, իսկ Էլվինայի թողած ժառանգությունը մեզ համար անչափ թանկ է։ Սկզբում չէի ուզում կատարել նրա երգերը ձայնիս նմանության պատճառով, բայց երբ սկսեցի, հասկացա՝ պետք է երգեմ։ Ցավոք, այսօր նման որակյալ և հոգու երգերի պակաս կա։ Էլվինան մեզ հզոր ժառանգություն է թողել, և մեր պարտքն է այն սերնդեսերունդ փոխանցել։ Նրա երգերը կատարելուց երաժշտական ազատություն եմ զգում, որովհետև դրանք շատ մոտ են իմ ներքին աշխարհին»։

«Էլվինային մոտենալ հասարակ ձևով հնարավոր չէ». Ավետ Բարսեղյան

«Ցավոք սրտի, Էլվինայի երաժշտության հետ որպես խոսքերի հեղինակ շփվեցի միայն նրա մահից հետո։ Արման Աղաջանյանի արխիվում պահված, չգրված խոսքեր չունեցող երգերը բախտ ունեցա լսելու։ Էլվինային մոտենալ հասարակ, հիթային տափակ մտածելակերպով անհնար է։ Նրա երգերը ստիպում են դուրս գալ կաղապարներից։ Շնորհակալ եմ Արմանին, որ պահպանում է նրա երաժշտական ժառանգությունը, և շնորհակալություն երիտասարդներին, որ վինիլային մշակույթը վերադարձրեցին»։

«Նրա ձայնադարանով սերունդներ կարելի է կրթել». Արսեն Սաֆարյան

««Մայրամուտ» երգը իմ մեկնաբանությունն է, բայց հեղինակի նման կատարել՝ անկեղծ, անհնար է։ Նա ֆենոմենալ արտիստ էր։ Նրա թողած ձայնադարանով կարելի է սերունդներ կրթել և ճաշակ ձևավորել։ Շատ ուրախ եմ, որ կարողացա ևս մեկ երգ կատարել նրա երգացանկից և շնորհակալ եմ Արմանին, որ ստեղծեց Էլվինայի վինիլը»։ «Նրա համար գրելն ինձ համար մեծ պատիվ էր». Ռիտա Սուքիասյան «Երաժշտություն ստեղծելիս ամենակարևորը հարգանքն է։ Երբ Էլվինան ինձ հանձնեց երգերը, լսում էի և փորձում պատկերացնել, թե ինչ էր նա ուզում ասել, ինչ էր զգում։ Սիրում եմ նրա երաժշտությունը, և մեծ պատիվ էր նրա համար խոսքեր գրել։ Էլվինան հզոր և բազմաշերտ անհատականություն էր։ Նա լեգենդ է մեր երաժշտության և ջազի պատմության մեջ։ Շնորհակալ եմ նրա ընկերության, ստեղծագործությունների և միասին անցկացրած ժամանակի համար»։ Վինիլային ալբոմի թողարկումը ոչ միայն նոր շունչ տվեց տարիների վաղեմություն ունեցող ձայնագրություններին, այլև հնարավորություն ստեղծեց վերագտնելու Էլվինա Մակարյանի եզակի ձայնն ու ոճը։ Ջազը վերադարձավ՝ իր իսկական, հայկական երանգներով։

Կիսվել սոց․ ցանցերում