Երևանում հացի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Տիչինայի 67/1): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներն անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ:

Պարզվել է, որ՝

— արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և արտահանվող նյութերից,

— առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

— բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում