Հունիսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ Վանաձորի շտապօգնության խումբը Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 2-ամյա Կ․ Մ․-ն է։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններին երեխայի մայրը՝ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Կ․ Հ․-ն, հայտնել է, որ իր անուշադրության պատճառով հունիսի 7-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, իրենց լոգարանում դուստրը, վերցնելով ացետոնով լի տարան, խմել է, ինչի հետևանքով ստացել է թունավորում։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
