«Անկախ սեռից` կարևորը երեխան առողջ ծնվի». Հարութ Արշակյանի առաջնեկը աղջիկ է լինելու, դերասանը մարմնավորում է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի գլխավոր հերոսին

Դերասան Հարութ Արշակյանը Ելենա Արշակյանի «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Արմենին: Արմենն Աննայի ամուսինն է` ապագա բժիշկ։ Աննային մարմնավորում է դերասանուհի Անահիտ Մանուկյանը: Աղջիկ երեխայից ազատվելու սխալ որոշումը նրա համար դառնում է կյանքի ամենամեծ դասը։ «Հոկտեմբեր ամսին իմ աղջիկը ծնվում է: Տա Աստված, ամեն ինչ լավ լինի, երեխան ծնվի առողջ, ու թող աշխարհի բոլոր երեխաները ծնվեն առողջ: Ինձ համար երեխայի սեռն ընդհանրապես կապ չունի: Շատ ցավալի թեմա է իրականում ֆիլմում արծարծվում: Այս ֆիլմը հնարավորություն է մարդկանց ուղեղում սերմանել, որ այդ քայլին չպիտի գնալ ոչ մի պարագայում, որովհետև երեխան Աստծու կողմից է ուղարկվում քո ընտանիք: Ինձ համար դա աբսուրդ է: Կուզեի այդ մեսիջը հասներ մարդկանց, որ ամենակարևոր բանը երեխայի առողջությունն է»,-Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով իր կերպարի և ֆիլմի գաղափարի մասին, նշեց դերասանը:

Հիշեցնենք՝ «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 5-ին:

Կիսվել սոց․ ցանցերում