Արևահարությունն ախտաբանական վիճակ է, որի դեպքում օրգանիզմը չափազանց երկար արևի տակ լինելու հետևանքով գերտաքանում է, իսկ մարմնի ջերմաստիճանը գերազանցում է այն ցուցանիշը, որի դեպքում օրգանիզմը կարող է ինքնուրույն հովացվել։ Սա շատ վտանգավոր խնդիր է, որի դեպքում միջոցներ չձեռնարկելու պարագայում հետևանքները կարող են ծանր լինել և նույնիսկ մահվան ելք ունենալ, ուստի խնդրի մասին վկայող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։
Life.ru-ն ներկայացրել է այն հիմնական ախտանշանները, որոնք հուշում են արևահարության մասին և թույլ տալիս ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածին։
Ընդհանուր թուլություն
Արևահարության հիմնական ախտանշանն ընդհանուր թուլությունն է։ Այս դեպքում տուժածի ինքնազգացողությունը վատթարանում է, նա չի ցանկանում անգամ վեր կենալ անկողնուց և կատարել առօրյա գործերը, քանի որ չունի ո՛չ ցանկություն, ո՛չ ուժ։
Գլխացավ ու մտքերի խառնաշփոթ
Արևահարության մյուս ախտանշանը գլխուղեղի աշխատանքի խանգարումն է։ Մարդու մոտ կարող է գլխացավ ու մտքերի խառնաշփոթ ի հայտ գալ, նա չի կարողանա հստակ արտահայտել մտքերն ու կենտրոնանալ ամբողջ օրվա ընթացքում։
Մշտական սրտխառնոց
Մյուս տհաճ ախտանշանը, որն ի հայտ է գալիս արևահարության դեպքում, սրտխառնոցն է: Տուժածի մոտ կարող է ամբողջ օրվա ընթացքում սրտխառնոց ու փսխում նկատվել, իսկ երբեմն էլ խնդիրը կարող է ուղեկցվել ուտելու դժկամությամբ:
Անոթազարկի արագացում
Սրտի զարկերի հաճախականության բարձրացումը ևս կարող է պայմանավորված լինել արևահարությամբ։ Բնականոն պայմաններում մարդու անոթազարկի նորման րոպեում 80-100 զարկն է, ուստի եթե անոթազարկի ցուցանիշներն ամբողջ օրվա ընթացքում նորմայից բարձր են լինում ու չեն կարգավորվում անգամ հանգստի ժամանակ, ապա մեծ է արևահարության հավանականությունը։
Արագացած շնչառություն
Այս խնդիրը կարող է ուղեկցվել նաև չափազանց արագ շնչառությամբ ու հևոցով։ Եթե մարդը շնչում է այնպես, ինչպես վազքից անմիջապես հետո կշնչեր, ապա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ ամենայն հավանականությամբ խնդիրը պայմանավորված է արևի տակ չափազանց երկար ժամանակ անցկացնելով։
Բիբերի լայնացում
Արևահարության դեպքում մարդու աչքերի բիբերը կարող են լայնանալ: Այս դեպքում դրանք անգամ մեկ րոպե չեն վերադառնում իրենց բնականոն վիճակին։ Ավելին՝ այս ախտանշանը կարող է պահպանվել մինչև հիվանդի ամբողջական վերականգնումը։
Ուժերի կորուստ, որն ուղեկցվում է մկանային ցավերով
Միջին աստիճանի արևահարության դեպքում տեղի է ունենում ուժերի ամբողջական կորուստ: Հիվանդը ոչ միայն չի ուզում որևէ բան անել, այլև չի կարողանում շարժվել ցավերի պատճառով։ Այս դեպքում մկանները ջղաձգվում են՝ առաջացնելով չափազանց տհաճ զգացողություններ:
Շարժումների կոորդինացիայի խանգարում
Այս ախտանշանը ևս կարող է հուշել միջին աստիճանի արևահարության մասին։ Այս դեպքում մարդը կարող է ճոճվել տեղաշարժվելիս՝ չկարողանալով ուղիղ քայլել։ Որոշ դեպքերում տուժածը կարող է անգամ կորցնել գիտակցությունը։
Քթային արյունահոսություն
Արևահարությունը կարող է ուղեկցվել նաև քթային արյունահոսությամբ։ Ընդ որում՝ այս ախտանշանը կարող է օրվա մեջ մի քանի անգամ ի հայտ գալ, իսկ որոշ դեպքերում արյունահոսությունը դադարեցնելը բավական բարդ կլինի։
Ծանր արևահարության ախտանշանները
Արևահարության ամենավտանգավոր տեսակը դրա ծանր ձևն է, որի մասին առաջին հերթին հուշում է մաշկի գույնը։ Որպես կանոն այս դեպքում հիվանդը չափազանց գունատ է լինում, կարող է նկատվել գիտակցության մտագնում, իսկ որոշ դեպքերում նա անգամ կարող է կոմայի մեջ ընկնել։ Երբեմն հիվանդի մոտ ջղաձգումներ են սկսվում և նա չի կարողանում կառավարել միզարձակումն ու դեֆեկացիան։
Ծանր արևահարության մյուս ախտանշանների շարքին են դասվում զառանցանքն ու զգայապատրանքները։ Բացի այդ, կարող է նկատվել մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև Ցելսիուսի սանդղակով 41–42 աստիճանի։ Նման ծանր դեպքերում մահվան հավանականությունը 20–30% է լինում։
Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ գնալ պոլիկլինիկա կամ շտապօգնություն կանչել։ Ինքնաբուժությունից խորհուրդ է տրվում խուսափել, քանի որ այդ պարագայում մեծ է հիվանդի վիճակն էլ ավելի վատթարացնելու հավանականությունը։
