Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Բռնակոթ), որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։
«Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների «Պանիր Լոռի», «Պանիր Չանախ» և «Մածուն» արտադրատեսակները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։
Մասնավորապես՝
պանիր «Լոռի» և պանիր «Չանախ» (արտ․՝ 14․08․2025) արտադրատեսակները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով,
«Մածուն» (արտ․՝ 14․08․2025) (1 կգ) արտադրատեսակը բորբոսասնկեր ցուցանիշով
Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
