«Բոլոր ուշադիր քաղաքացիները տեսնում են, թե ովքեր, որտեղից և ինչպես են փորձում ՀՀ-ում ցնցումներ իրականացնել»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դեռևս նախորդ օրը քրեական գործ է հարուցվել, երբ առաջին դեպքերը եղան ոստիկանության նկատմամբ հարձակումների, քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով, բռնության կոչերի, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և այդ գործերով մի քանի տասնյակ ձերբակալված և կալանավորված անձինք կան:
ՀՀ-ում իրավապահ համակարգը լիարժեք գործում է»,- ասաց վարչապետը և ուշադրություն հրավիրեց մի փաստի վրա.
«Մենք պետք է ձեր ուշադրությունից դուրս չթողենենք, որ բռնություն գործադրելու ոմանց նպատակը ՀՀ-ի իրավապահ մարմիններին ստիպելն է, կամ այնպիսի իրադրության մեջ դնելն է, որ նրանք ինքնատիրապետումը կորցնեն ու անհամաչափ ուժ կիրառեն, ամենատարբեր զարգացումներ լինեն: Հիշում եք, որ մարդիկ արյուն հեղելու մասին էին խոսում, դա 7 օր առաջ էր, ժամանակագրությունները կարող է խառնեմ, բայց իմացաք, թե ինչ ելույթների վրա եմ հղում անում»:
Վարչապետը նկատեց՝ ռուսական մամուլում շատ է գնում խոսակցություն, թե ՀՀ-ն երկար ժամանակ փորձում է իր անհաջողությունների պատասխանատվությունը դնել ՌԴ-ի վրա:
«Մենք մեր անհաջողությունների համար պատասխանատվությունը որևէ մեկի վրա չենք դնում, կա հստակ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է լիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա, որը պետք է ապահովեր խաղաղ բնակչության անվտանգությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
