Ուրբաթ առավոտյան կայացած ԻԻՀ ԶՈՒ շքերթում ունեցած ելույթում, նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է.
«Մեր զինված ուժերը կանխել են աշխարհաքաղաքական և սահմանային ցանկացած փոփոխություն։ Մենք կարևորում ենք հայերի իրավունքների պաշտպանությունը և սահմանների վիճակը»։ ԻԻՀ նախագահի խոսքերը մեջբերում է Pars Today-ը։
Նրա խոսքով, պատերազմն այսօր տեղ չունի Իրանի հայեցակարգում, սակայն պաշտպանական քաղաքականության շրջանակում ապահովվում է զինվածու ուժերի ռազմական պատրաստվածությունը:
Իրանի նախագահը հավելել է, որ ժողովուրդը վստահում է զինված ուժերին, քանի որ գիտի, որ այդ ուժերն իր կողքին են:
«Այսօր Իսլամական Հանրապետությունը կիրառում է կառավարման մոդել, որը համատեղում է հոգևորությունն ու ժողովրդավարությունը: Մենք կարող ենք տարածաշրջանի ժողովրդին ցույց տալ, որ այսօր դիմադրությունն է, որ պարտության է մատնում հակառակորդին»,-հայտարարել է Ռայիսին։
Նախագահն ասել է, որ ի տարբերություն օտարերկրյա զինված ուժերի, որոնց ներկայությունը խնդրահարույց է և ճգնաժամ է ստեղծում, ԻԻՀ զինված ուժերը տարածաշրջանում և Պարսից ծոցում անվտանգություն են ապահովում:
Նշելով, որ Իրանը կարևորում է հարևանության քաղաքականության ընդլայնումը, Ռայիսին հավելել է. «Այդ քաղաքականությունը ենթադրում է նաև համագործակցություն պաշտպանության, անվտանգության և ռազմական ոլորտներում։ Զինված ուժերը պատրաստ են եղել և պատրաստ են համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ վստահություն ստեղծելու համար, և ջերմորեն սեղմում են տարածաշրջանի զինված ուժերի ձեռքերը՝ տարածաշրջանն ու Պարսից ծոցը օտարների ներկայությունից մաքրելու համար, որպեսզի տարածաշրջանի անվտանգությունը պահպանեն իրենք՝ տարածաշրջանային ուժերը: Քանի որ արտաքին ուժերի ներկայությունը խնդիր է ստեղծում, ոչ թե հարց լուծում»։
