Այսօր Պացիենտի անվտանգության համաշխարհային օրն է

Այս տարվա կարգախոսն է. «Պացիենտների անվտանգությունը կյանքի սկզբից»: Այն նվիրված է յուրաքանչյուր նորածնի և երեխայի համար անվտանգ բուժսպասարկման ապահովմանը, հատկապես` կենտրոնանալով ծննդյան պահից մինչև ինը տարեկանը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օրվա խորհրդով մշակել է անվտանգության ապահովման կոչեր:

Ծնողներին

Եղե’ք Ձեր երեխայի անվտանգության հովանավորը:

Տեղեկացված եղե’ք:

Ակտիվ մասնակցեք երեխայի բուժսպասարկման ընթացքում որոշումների կայացմանը:

Հայտնե’ք Ձեր կարծիքը: Եթե ինչ-որ բան այնպես չէ, բարձրաձայնե’ք:

Դպրոցահասակ երեխաներին

Տեղեկացրե’ք, եթե լավ չեք զգում, ցավ ունեք կամ ինչ-որ առողջական խնդիր անհանգստացնում է Ձեզ, մանրամասն նկարագրե՛ք, թե ինչ եք զգում:

Հայտնե՛ք բժշկին կամ բուժքրոջը Ձեր ալերգիաների մասին:

Հարցրե՛ք, թե նշանակված դեղերը ինչի՞ համար են:

Եթե վնասվածք եք ստացել, հարցրեք` ինչպես այն մաքուր պահել մինչև լավանալը:

Պահպանե՛ք հիգիենայի նորմերը. հաճախ լվացե՛ք ձեռքերը, հազալիս կամ փռշտալիս փակե՛ք բերանը կամ օգտագործե՛ք անձեռոցիկ ու անմիջապես գցե՛ք աղբամանը:

Բուժաշխատողներին

Տրամադրե՛ք անվտանգ և երեխայակենտրոն խնամք. համապատասխանեցրե՛ք բուժօգնությունը երեխայի տարիքին, քաշին և զարգացման փուլին:
Մինչև ցանկացած միջամտություն իրականացնելը ստուգե՛ք ալերգիաների առկայությունը:

Սերտ կապեր ստեղծե’ք ծնողների, խնամակալների և երեխաների հետ: Երեխաներին ներառե՛ք բուժման հարցերում որոշումների կայացման մեջ:

Բարձրաձայնե՛ք անբարենպաստ պատահարների մասին և մասնակցե՛ք դրանց կանխարգելման վերաբերյալ քննարկումներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում