Որ  դեպքում է  փոխհատուցում  տրամադրվում

 

 

Վերջերս  Lragrogh.com-ի խմբագրություն էր զանգահարել Լոռու մարզի Սվերդլով գյուղից Հասմիկ Այվազյանը եւ պատմել, թե ինչպես է խոշոր եղջյուրավոր կենդանիների  շրջանում վարակ տարածվել, ինչի պատճառով գյուղում տասը կենդանի  է սատկել, դրանցից երեքն իրենց ընտանիքին էր պատկանում: Եվ քանի որ  Հասմիկենց ընտանիքն ապրում է միայն այդ կենդանիների  միջոցով, իրենք կանգնել են  օրվա ապրուստ հայթայթելու խնդրի առջեւ:  Գյուղացին հետաքրքրվում էր, թե պետությունն ինչպես պետք է փոխհատուցի իրենց կրած վնասի դիմաց:

ՀՀ  վարչապետի աշխատակազմին ուղղված մեր հարցմանը պատասխանել են Էկոնոմիկայի նախարարությունից, որը ներկայացնում ենք ստորեւ:

<Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված Ձեր հարցման` հայտնում  ենք, որ գյուղատնտեսական կենդանիների անկումների եւ հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակությունը տրամադրվում է բացառապես ՀՀ կառավարության 2024թ. հունիսի 6-ի <Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում ընկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը եւ կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման  պայմանները, դեպքերը եւ կարգը սահմանելու մասին>  N 846- Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետով հաստատված հիվանդությունների դեպքում:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում է միայն գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, որոնց մասին տեղեկատվությունը ներկայացված է նախարարության կայքէջում:

Միաժամանակ հարկ է նշել, որ փոխհատուցման հարցը կարող է դիտարկվել մարզային մակարդակով>:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում