Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո Փարաքարի ավագանին պետք է ընտրի նոր համայնքապետ։ Արտահերթ ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին։
Հոկտեմբերի 2-ին համայնքի ավագանին արտահերթ նիստ է գումարել, որոշել չեղարկել Փարաքարի տոնի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները, որոնք պետք է կայանային հոկտեմբերի 3-ին:
Որոշումը կայացվել է, որ հոկտեմբերի 7-ին նոր ընտրություն կանի ավագանին, ավագանու անդամների հանդիպումը կարճ է տևել, արտասվել են, ընթերցել օրենքի կետը, քվեարկել ու գնացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը: Զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Վիրավորում է ստացել Արծրուն Գալստյանը: Վերջինս արդեն գիտակցության է եկել, հարցաքննվել, գործով կան կալանավորված անձինք:
