ՄԵՔՍԻԿԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ ՁԵՒԱՎՈՐՎԵԼ Է «ՊՐԻՍՑԻԼԱ» ԱՐԵՒԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԶՈՐ ՓՈԹՈՐԻԿԸ

«Պրիսցիլա» արևադարձային փոթորիկը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ շաբաթ օրը, հայտնում է Associated Press-ը։

Մայամիի փոթորիկների ազգային կենտրոնը հայտնել է, որ «Պրիսցիլան» «խոշոր արևադարձային փոթորիկ է»՝ արևադարձային ուժգնության քամիներով, որոնք տարածվում են նրա կենտրոնից մինչև 220 կիլոմետր հեռավորության վրա։

Կենտրոնի տվյալներով, դրա առավելագույն կայուն քամու արագությունը կազմել է 75 կմ/ժ, և այն գտնվում է Մանսանիլոյից մոտ 455 կիլոմետր հարավ-արևմուտք և շարժվում է հյուսիս-արևմուտք՝ 6 կմ/ժ արագությամբ։ Հարավարևմտյան Մեքսիկայի ափերի մի հատվածում՝ Պունտա-Սան-Տելմոյից մինչև Պունտա-Միտա, հայտարարվել է արևադարձային փոթորկի ռեժիմ, ընդ որում, կիրակի և երկուշաբթի օրերին այդ շրջանում հնարավոր են արևադարձային փոթորկի պայմաններ։

Կանխատեսումների համաձայն, «Պրիսցիլան» փոթորկի մակարդակի կհասնի կիրակի երեկոյան կամ երկուշաբթի վաղ առավոտյան և առաջիկա օրերին կշարժվի ափին զուգահեռ։

Մեքսիկայի ափերի մոտ Խաղաղ օվկիանոսում մեկ այլ արևադարձային փոթորիկ՝ «Օկտավը», շարժվել է ափից հեռու, և կանխատեսումներում չի նշվել, որ այն ցամաք դուրս կգա։

 

Կիսվել սոց․ ցանցերում