Սկսվել է գլխացավերով, թուլությամբ, հետո վերածվել ցնցումների․ վանաձորցի 16-ամյա տղայի վիճակի վատացման պատճառը հայտնի չէ․ News.am

Վանաձորում 16-ամյա տղայի առողջական վիճակի վատացման պատճառն այս պահին հայտնի չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձոր ԲԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալ Արթուր Խաչատրյանը։

«Ընդունվել է հոկտեմբերի 6-ին, մոտավորապես ժամը 9-ի սահմաններում, ծանր վիճակով, ունեցել է ցնցումներ, գիտակցությունը մթագնած։ Այստեղ որոշակի հետազոտությունների արդյունքում նախնական ախտորոշում է տրվել՝ ուղեղի սուբդուրալ արյունազեղում և սինուստրոմբոզ։ Նյարդաբան-նեոնատոլոգի հետ քննարկվել է վիճակը, խորհրդակցվել է Երևանի համապատասխան մասնագետների հետ, որոշվել է շտապ տեղափոխվել Երևան մասնագիտական բուժկենտրոն։ Սանավիացիա է հրավիրվել ու տեղափոխվել է»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին՝ ինչի հետևանքով կարող էր առաջանալ այս վիճակն ու դա կարո՞ղ էր լինել պատվաստման հետևանքով, Խաչատրյանը նշեց, որ առաջացման պատճառները շատ տարբեր կարող են լինել, բայց այս դեպքում որևէ պատճառ չեն գտել։

«Տարբեր պատճառներից կարող է առաջանալ սա, պատճառը հայտնի չէ․ տվյալ դեպքում կոնկրետ ինչ-որ բանի հետ կապելը դժվար էր։ Մեր ունեցած տվյալներով պատճառ չենք հայտնաբերել»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ ընտանիքի անդամների հետ զրույցից պարզ է դարձել, որ ախտանշանները ի հայտ են եկել վերջին 2-3 օրերի ընթացքում։

«Կոնկրետ պատճառ չեն նշում ընտանիքի անդամները, 2-3 օրվա ախտանիշներ է ունեցել։ Ի սկզբանե վատ չի եղել վիճակը, բայց վատացել է, մի քանի ժամվա արդյունքում։ Սկսվել է գլխացավերով, ընդհանուր թուլությամբ, հետո խորացել, վերածվել ցնցումների»,- եզրափակեց Վանաձոր ԲԿ-ի փոխտնօրենը։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ 16-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է Վանաձոր ԲԿ, այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։ Տղան սեպտեմբերի 30-ին պնևմակոկային վարակի դեմ, սակայն ՀՎԿԱԿ-ից հայտնում են, որ որևէ բժշկական կենտրոնից հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել։ Նշվում է, որ այս պատվաստումից հետո հետպատվաստումային երևությները սովորաբար թեթև են, կարճատև և անցողիկ։ Ներարկման տեղում կարող է դիտվել այտուց, կարմրություն, ցան, ինչպես նաև ջերմության բարձրացում և դյուրագրգիռություն։

 

Կիսվել սոց․ ցանցերում