Մի’ թողեք, որ մարդիկ հայտնվեն փողոցում
Փողոցում հայտնված եւ lragrogh.com-ի խմբագրություն դիմած ՀՀ քաղաքացի Ելենա Սուքիասյանի պատմությունը հավանաբար եզակիներից չէ: Քաղաքացուն դեռեւս 1991թ., երբ Հայաստանը նոր-նոր էր ազատվել խորհրդային կարգերից եւ անցում էր կատարում դեպի Հայաստանի երրորդ հանրապետություն, պետությունը որոշում է տրամադրում, համաձայն որի` նա պետք է Երեւանի Ֆրունզե 98 հասցեում ստանա երեք սենյականոց բնակարան: Մինչ օրս, սակայն, լուծված չէ այդ խնդիրը: Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ անկախ Հայաստանում իրար հաջորդող իշխանությունները չեն կարողանում լուծել նման քաղաքացիների բնակարանային խնդիրը, որպեսզի մարդիկ տասնամյակներ շարունակ պայքարելուց, ամեն ինչ վաճառելուց եւ վարձով ապրելուց հետո չհայտնվեն փողոցում:
Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք հենց սկզբից էին հայտարարել թալանը վերադարձնելու, ապօրինությունների դեմ պայքարելու մասին, լուրջ անելիքներ ունեն այս հարցում: Գրեթե օր չի անցնում, որ լրահոսից չտեղեկանանք, թե նախկին կոռումպացված պաշտոնյաներից որքան ապօրինի գույք եւ գումար են բռնագանձել եւ վերադարձրել պետբյուջե: Շատերը կարող են հարց ուղղել` իսկ ինչի?ն են ծառայում այդ գումարները պետբյուջե վերադարձնելուց հետո, եթե այսօր էլ կան անտուն, անօթեւան մարդիկ, որոնց կոնկրետ հասցեներում տներ են խոստացել տարիներ առաջ, սակայն այդ հարցը չի լուծվել:
Իշխանություններին ուղղակի հորդորում ենք` գտե’ք այդ մարդկանց, մի’ սպասեք, որ նրանք հերթով հայտնվեն փողոցում եւ ապարդյուն բախեն տարբեր պետական կառույցների դռները, ահազանգեն ԶԼՄ-ներին` վերջին հույսով, որ նրանք կարող են օգնել իրենց: Լուծե’ք այդ մարդկանց խնդիրները եւ բնակարան տրամադրեք` համաձայն նախկինում պետության տված որոշման:
Թագուհի Հակոբյան
