Հռոմի կենտրոնում գտնվող քաղաքի հնագույն եւ Իտալիայի երկրորդ ամենահին սրճարանը՝ Antico Caffe Greco-ն, փակվել է։ Այն Իտալիայի մասշտաբով զիջում է իր տարիքով միայն վենետիկյան Florian-ին։ Հիմնադրվել է 1760 թվականին՝ Վիա դեյ Կոնդոնի փողոցում։ Միանգամից սիրվել է նկարիչների, գրողների, երաժիշտների կողմից։ Այս սրճարանի այցելուներից են եղել համաշխարհային մշակույթի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Հանս Քրիստիան Անդերսենը, Ջորջ Բայրոնը, Ռիխարդ Վագները, Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, Ջեյմս Ջոյսը, Մարկ Տվենը, Ֆրիդրիխ Նիցշեն, Թոմաս Մանը, Էդվարդ Գրիգը, Շարլ Բոդլերը, Իվան Տուրգենեւը, Ֆյոդոր Տյուտչեւը եւ շատ այլ համաշխարհային մշակույթի երախտավորներ։ Հայտնի է, որ Նիկոլայ Գոգոլն այս սրճարանում աշխատել է իր «Մեռած հոգիներ» ստեղծագործության վրա։ Մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ ունեցող այս հայտնի սրճարանում կան 18-րդ դարի արվեստի 300 օ
րինակ, բազմաթիվ հնաոճ իրեր։ Սրճարանը հարկադրաբար է փակվել, քանի որ կոնֆլիկտ է առաջացել սրճարանի ղեկավարության եւ շինության սեփականատեր Ospedale Israelitico հաստատության միջեւ։ Բանն այն է, որ այդ հաստատությունը տարածքի վարձակալության համար վճարել է ամիսը 17 հազար եվրո, սակայն շինության սեփականատերը պահանջել է, որ վարձակալության վճարը դառնա 150 հազար եվրո, համաձայն շուկայական գների։ Վեճը հասել է դատարան, եւ դատարանը բռնել է Ospedale Israelitico-ի կողմը` արդարացված համարելով վարձավճարի փոփոխությունը։ Սեփականատերերը խոստանում են նորից բացել լեգենդար սրճարանը, որը փակվել է այս կոնֆլիկտի արդյունքում, եւ իբրեւ թե արդեն նորոգումներ են սկսել։
