«Բոհեմ» թատրոնում կայացավ «Ամուսնավերլուծություն» ներկայացման պրեմիերան՝ Աշոտ Տեր Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի գլխավոր դերակատարությամբ։
Սցենարի հեղինակն է Նարեկ Ավագյանը, իսկ բեմադրությունը՝ Նարինե Մալյանի։
Ներկայացումը միավորում է ընտանեկան հարաբերությունների, փոխըմբռնման և սիրո մասին պատմող անկեղծ դրվագներ՝ երբեմն հումորային, երբեմն հուզիչ։
Այս աշխատանքը նաև Սոֆյա Պողոսյանի բեմական դեբյուտն էր, ինչը դերասանուհին անվանում է իր կյանքի ամենահուզիչ փորձություններից մեկը։
Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային, ներկայացումից հետո զրուցել դերասանների հետ ու առանձնացրել կորևոր դրվագները:

Սոֆյա Պողոսյան․ «Թվում էր՝ սիրտս դուրս կթռչի, բայց հետո հրաշքով հավաքում ես քեզ»
«Սա իմ առաջին բեմական աշխատանքն էր։ Տպավորությունները աննկարագրելի են․ բոլոր հույզերը խառնվում են իրար, թվում է՝ սիրտդ դուրս կթռչի։ Բայց հետո, անբացատրելի կերպով, հավաքում ես քեզ։ Շատ բարդ էր, բայց միաժամանակ անասելի հաճելի։
Միշտ լսում էի, որ բեմը ուրիշ էներգիա ունի, բայց չէի պատկերացնում՝ ինչպիսին է դա, մինչև ինքս չզգացի։ Ամենաբարդը սեփական սահմաններից դուրս գալն է․ սկզբում դա շատ տարօրինակ է թվում, նույնիսկ խորթ, բայց հետո այդ ամենը դառնում է այնքան բնական, որ կարծես հրաշք լինի՝ ինչպես է այդ վերափոխումը տեղի ունենում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սոֆյան։

Աշոտ Տեր Մաթևոսյան․ «Կոնֆլիկտները մեր կյանքից են ծնվել»
«Մեր հարաբերություններում, ինչպես շատ ընտանիքներում, լինում են կոնֆլիկտներ։ Տարբեր կերպ ենք մտածում՝ կինը մի ձև, տղամարդը՝ մեկ այլ։ Մի օր մտածեցի՝ ինչու այդ ամենը չվերածել ներկայացման։ Դիմեցինք Նարեկ Ավագյանին, ով գրեց պիեսը, իսկ Նարինե Մալյանը համաձայնեց բեմադրել։
Արդյունքը տեսաք՝ նրա հետ աշխատելը ֆանտաստիկ էր։ Ներկայացման որոշ դրվագներ մեր կյանքից են, որոշները՝ հորինված։ Բայց ընդհանուր մեսիջը մեկն է՝ պետք է կարողանալ լսել իրար, հարգել, գնահատել ու սիրել, որովհետև ընտանիքն ամենակարևորն է»,- նշեց Աշոտ Տեր Մաթևոսյանը։

Սոֆյա Պողոսյան․ «Տարբերությունը պետք է ընդունել, ոչ թե հասկանալ»
«Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ տղամարդիկ չփորձեն մտնել կնոջ գլխի մեջ ու հասկանալ նրան։ Պարզապես պետք է ընդունել, որ մենք տարբեր ենք, և սիրել, հարգել դիմացինիդ հենց այդ տարբերության մեջ»,- ասաց Սոֆյան։

Աշոտ Տեր Մաթևոսյան․ «Սերը՝ մեր բոլոր կոնֆլիկտների պատասխանը»
«Իրար հասկանալը միշտ չէ, որ ստացվում է։ Զիջելը՝ նույնպես։ Մենք երկուսս էլ, կարելի է ասել, սուր բնավորություն ունենք: Բայց կարծում եմ՝ հենց սերն ու ընտանիքի հանդեպ ունեցած հարգանքն են մեզ պահում։ Երբեմն չենք հասկանում, հետո էլի հասկանում ենք։ Դա անընդհատ ընթացք է»,- անկեղծացավ դերասանը։

Սոֆյա Պողոսյան․ «Կարմիր գիծը չանցնել՝ ահա ամենակարևորը»
«Կոնֆլիկտները երբեք չեն վերանում՝ ոչ տարիքի, ոչ փորձի հետ։ Ամենակարևորը դրանք ճիշտ կառավարելն է՝ չանցնելով անձնական վիրավորանքների սահմանը։ Կարող ես չհամաձայնվել, ունենալ այլ կարծիք, բայց պետք է կարողանալ զսպել հույզերդ։ Հակառակ դեպքում նույնիսկ սերը կարող է վերածվել ինքնասիրության պայքարի, հատկապես տղամարդկանց դեպքում»,- նշեց Սոֆյա Պողոսյանը։

«Ներկայացումից դուրս էլ կոնֆլիկտներ ունեցանք»
Զույգը ժպիտով խոստովանեց, որ համատեղ աշխատանքը նոր կոնֆլիկտների պատճառ դարձավ․
«Դա շատ բարդ էր, բայց նաև զվարճալի։ Եկեք դրա մասին չխոսենք, թե չէ հիմա էլի ներկայացում կխաղանք (ծիծաղում են)։ Ամեն դեպքում՝ մեր նպատակին հասանք»,- ամփոփեց զույգը։
Լուսանկարները ՝ Ռոբերտ Աբրահամյանի
