ԱՄՆ-ում ստեղծվել է սպառման ենթակա առաջին մարդանման ռոբոտը. որքա՞ն կարժենա տնային բոլոր գործերը կատարող տեխնոլոգիան

ԱՄՆ-ում ստեղծվել է սպառման ենթակա առաջին մարդանման ռոբոտը, որը կարող է կատարել տնային բոլոր տեսակի գործեր՝ լվացքը ծալել, դարակները դասավորել և տարածքները կարգի բերել․ գրում է Euronews-ը։

Ամերիկյան 1X Home Robots ընկերությունն այս շաբաթ ներկայացրել է NEO ռոբոտը, որը մեկ կոճակի սեղմումով կամ բանավոր հրամանով կարող է դառնալ տնային աշխատող։

NEO-ն կարող է բարձրացնել ավելի քան 68 կիլոգրամ և տեղափոխել 25 կիլոգրամ իրեր։

Ռոբոտն աշխատում է «large language model» (LLM) կոչվող տեխնոլոգիայով, որն ընկած է արհեստական բանականության (AI) մոդելների հիմքում։ LLM տեխնոլոգիան թույլ է տալիս սովորել և հիշել օգտատիրոջ նախասիրությունները, առաջարկել, թե ինչ ուտեստներ կարելի է պատրաստել կամ ծննդյան օրվա հիշեցումներ կատարել։

«NEO ռոբոտը գնող յուրաքանչյուր ոք կարող է 1X-ի աշխատակիցներից մեկի հետ սովորեցնել նրան կատարել ցանկացած տնային գործ», – ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նշել է, որ NEO ռոբոտը նաև համալրված է WiFi-ով և Bluetooth-ով։

«Մեր ընկերությունը ռոբոտների գիտաֆանտաստիկ գաղափարը կինոէկրանից վերածում է իրականության՝ ստեղծելով հնարավորություն, որ վայելենք տանն անցկացրած ժամանակը, այլ ոչ թե տուն վերադառնանք պարզապես ավելի շատ աշխատանք կատարելու համար», – ասել է ընկերությունը։

Նշվում է, որ NEO ռոբոտն առաջինը հասանելի կլինի ամերիկյան շուկայում 2026 թվականին, իսկ մինչև 2027 թվականը կընդլայնվի նաև այլ շուկաներում։ Այն կարժենա 20,000 դոլար։

Կիսվել սոց․ ցանցերում