ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ նախագահ Վանիկ Նիկոյանից
Հարգելի տիկին Գալյան,
Լրատվամիջոցներով տեղեկացա Ձեր հայտարարության մասին, որով հրավիրում եք քաղաքացիներին երկխոսության՝ արդարադատության ոլորտին առնչվող հարցերի շուրջ։
Ցանկանում եմ արձագանքել՝ որպես այն քաղաքացի և հասարակական շարժման ղեկավար, ով ամիսներ առաջ նախաձեռնել է համազգային ստորագրահավաք՝ համաներման պահանջով։
Մեր ստորագրահավաքը տևեց շուրջ երեք ամիս, և հազարավոր քաղաքացիներ իրենց ստորագրությամբ պահանջեցին արդար մոտեցում և համընդհանուր ներման կիրառում՝ հատկապես սոցիալական, առողջական կամ ընտանեկան ծանր վիճակում գտնվող անձանց նկատմամբ։ Այդ ընթացքում «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման կողմից բազմաթիվ պաշտոնական դիմումներ են ուղարկվել արդարադատության նախարարություն, սակայն ստացվել են նույնաբովանդակ, ձևական պատասխաններ, առանց բովանդակային քննարկման կամ արձագանքի։
Թույլ տվեք նաև հիշեցնել՝ համաներման կիրառմամբ ժամանակին ազատ է արձակվել նաև Նիկոլ Փաշինյանը, և այդ քայլը հիմնավորվել էր հասարակական հաշտեցման ու արդարության վերականգնման անհրաժեշտությամբ։ Եթե այդ ժամանակ համաներումը դիտվում էր որպես հասարակական հաշտության և արդարության գործիք, ապա այսօր ինչո՞ւ նույն տրամաբանությամբ չեն արձագանքում այն պահանջող հազարավոր քաղաքացիներին։
Ավելին, Ձեր իշխանություններն են տարիներ շարունակ հայտարարել, որ նախկինում կոռուպցիան և կարված գործերը խախտել են դատական ու ուժային համակարգի հավասար ու անաչառ աշխատանքի սկզբունքները։ Եթե ընդունում եք, որ նման ուսումնասիրություններ և խնդիրներ եղել են, ապա պետք է նաև գիտակցեք, որ շատ մարդիկ այսօր շարունակում են կրել կարված գործերով կալանքներ՝ առանց իրական մեղքի, և այս իրավիճակը պահանջում է հրատապ քայլեր՝ վստահությունը վերականգնելու համար։
Նույն կերպ արձագանքեք նաև հետևյալին․ Պռոբացիայի ծառայություն եք ստեղծել և դրա վրա առանձնացվել են պետական միջոցներ։ Եթե պետական միջոցներ են ծախսվել այդ համակարգի կառուցման ու գործունեության համար, ապա արդյո՞ք այդ միջոցների ներդնումը արդարացնում է, որ այսօր չփոխարինվեն փակ կալանքները հենց տնային կալանքներով այն դեպքերում, երբ դա հնարավոր է և նպատակահարմար։ Մեզ համար ընդունելի չթվաց այն, որ պետությունն ունի պռոբացիա ու ռեսուրսներ, սակայն լայնորեն չի կիրառում տնային կալանքը՝ հատկապես բանտերում տարբեր տարիների իշխանությունների կողմից կալանավորված մարդկանց դեպքերում։ Խնդրում ենք բացատրել՝ ինչո՞ւ պետական ծրագրերի և պռոբացիայի ռեսուրսների առկայության պայմաններում չեք ավելացնում տնային կալանքների կիրառումը՝ թեկուզ կիրառեք այն հասարակության համար նվազագույն վտանգ ներկայացնող անձանց համար։ Խնդրում ենք նաև՝ մանրամասն հաշվետվություն ներկայացնել, թե որ նպատակներով և ինչ չափով են ծախսվել միջոցները պռոբացիայի ծառայության վրա, և ինչ ծրագրեր են իրականացվում՝ կալանավորների վերաինտեգրմանն ուղղված։
Մենք գտնում ենք, որ տնային կալանքի լայն կիրառումը կհանգեցնի ընտանիքների վերամիավորմանը, կկանխի երեխաների բաժանումը նրանց ծնողներից և կխուսափի բազմաթիվ ընտանիքների անդառնալի փլուզումից։ Սա ոչ միայն մարդասիրական, այլև սոցիալական և տնտեսական համոզիչ քայլ է, որը կարող է արագորեն թեթևացնել փակ հաստատությունների ծանրաբեռնվածությունը և նպաստել վերականգնողական գործընթացներին։
Իմ բարձրաձայնած կոչերում բազմիցս ընդգծել եմ, որ համաներումը և նման միջոցառումները քաղաքական շահույթ չեն, որ հետապնդեք, առաջիկա ընտրություններում նյութականացնելու համար, ինչպես արվել է նախկինում։ Դրանք մարդկանց կյանքի, ընտանիքների և հասարակական հաշտության մասին են։ Պետության՝ այս հարցում աչք փակելը հակասում է ձեր հանրային հայտարարություններին այն մասին, որ նախկինում համակարգը կոռուպցիայի և կարված գործերի զոհեր է տվել։ Եթե համակարգի սխալները ընդունում եք՝ ապա պետք է քայլեր ձեռնարկեք դրանց ուղղման համար, այլ ոչ թե մերժողական նույնաբովանդակ պատասխաններ ուղարկեք առաջին հերթին դրանց հեղինակներին ու հազարավոր քաղաքացիներին։
Հարգելի տիկին նախարար,
Եթե Ձեր նախաձեռնությունը իսկապես նպատակ ունի իրական երկխոսություն սկսելու քաղաքացիների հետ, խնդրում եմ պատասխանել՝
1. Ինչո՞ւ երեք ամիս տևած ստորագրահավաքը և մեր պաշտոնական դիմումները մնացին անտեսված, և փոխարենը ուղարկվեցին ձևական պատասխաններ, այն դեպքում երբ համաներման կիրառմամբ ժամանակին ազատ է արձակվել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը ցույց է տալիս, որ պետությունը կարող է և պարտավոր է արձագանքել հասարակության լայն պահանջներին։
2. Ինչ ծրագրեր և բյուջետային ծախսեր են կատարվել պռոբացիայի ծառայության համար, և ինչու այդ ռեսուրսները չեն օգտագործվում տնային կալանքի ավելի լայն կիրառման և ընտանիքների միավորման նպատակով։
3. Եթե ընդունում եք, որ նախկինում եղել են կարված գործեր և կոռուպցիա ուժային/դատական համակարգերում, ապա ինչո՞ւ հենց այսօր այդ հետևանքները չի առաջարկվում ուղղել համաներման կամ առնվազն լայնածավալ վերաբերմունքով՝ տնային կալանքի միջոցով։
«Երկխոսությունն իսկական է միայն այն ժամանակ, երբ պետությունը լսում է ժողովրդին, այլ ոչ թե ձևականորեն պատասխան տալիս։ Եթե երեք ամիս տևած ստորագրահավաքը, հազարավոր քաղաքացիների ձայները և մեր համապարփակ առաջարկները անտեսվել են, ապա միայն իշխանափոխության միջոցներով է հնարավոր արդարության և վստահության վերականգնումը։ Ժամանակն է, որ օրվա իշխանությունը ցուցաբերի պատասխանատվություն և առաջնորդվի ժողովրդի պահանջներով»։
ԴԵՄ ԵՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ՈՉ ՆԱԽԻԿՆ ՈՉ ՆԵՐԿԱ
ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ Է․․․․․․
ՎԱՆԻԿ ՆԻԿՈՅԱՆ
Նոր նախընտրական փուլում պետք է հասկանալի լինի՝ քաղաքացին պետք է առաջադրվի որպես պատգամավոր, ոչ թե թայֆայաբազություն, օլիգարխիկ խմբավորումներ կամ խծբ-ն (հանրային քաղաքական խաղեր)։
Հարգանքով՝
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ նախագահ
Ք. Երևան, Տերյան 89
