Բացահայտվել է մաքրության ժամանակ տարածված մի սովորություն, որը բարձրացնում է քшղցկեղի ռիսկը․ հետազոտություն

Կոշտ քիմիական նյութերով մաքրումը կարող է լուրջ առողջական հետևանքներ ունենալ, այդ թվում՝ քաղցկեղ, գրում է The Mirror-ը՝ հղում անելով Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությանը (EPA):

«Քիմիական նյութերը, ինչպիսիք են ֆորմալդեհիդը, ֆթալատները և ցնդող օրգանական միացությունները, որոնք հաճախ հանդիպում են մաքրող միջոցներում, նպաստում են ներսի օդի աղտոտմանը։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (EPA) դա կապում է շնչառական խնդիրների և ծանր դեպքերում նաև պոտենցիալ քաղցկեղի հետ»,— ասվում է հրապարակման մեջ։

Նյութում նշվում է, որ որոշ կենցաղային մաքրող միջոցներ և օդը թարմացնող միջոցներ պարունակում են կոնսերվանտներ, որոնք ներառում են փոքր քանակությամբ ֆորմալդեհիդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ընդգծվում է, որ այս տարրը Ազգային քաղցկեղի ինստիտուտի (NCI) կողմից դասակարգվում է որպես մարդու համար քաղցկեղածին նյութ։ Փորձագետները պնդում են, որ ֆորմալդեհիդի մեծ կոնցենտրացիաների հետ երկարատև շփումը կարող է բարձրացնել ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման ռիսկը։

Ֆտալատները, որոնք սովորաբար հանդիպում են բուրավետ արտադրանքում, նույնպես մեծացնում են հիվանդությունների առաջացման ռիսկը, այդ թվում՝ ազդում են հորմոնների վրա։

Իր հերթին, ցնդող օրգանական միացությունները նույնպես նպաստում են օդի աղտոտմանը և հանգեցնում շնչառական խնդիրների։

Նշվում է, որ հատկապես վտանգավոր է լոգարանում կոշտ մաքրող միջոցների օգտագործումը, քանի որ դա փակ տարածք է՝ սահմանափակ օդափոխությամբ։

Լուրջ առողջական խնդիրների ռիսկը նվազեցնելու համար արժե ընտրություն կատարել ի օգուտ էկո-միջոցների, ներառյալ տնային տարբերակները, օրինակ՝ սոդան և քացախը։ Բացի այդ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տան քիմիական նյութերի բաղադրությանը։ Նաև խորհուրդ է տրվում օդափոխություն ապահովել այն տարածքներում, որտեղ մաքրություն է կատարվում և շարունակել այն ավարտելուց հետո ևս կես ժամվա ընթացքում, ամփոփվում է նյութում։

Կիսվել սոց․ ցանցերում