Ուսուցիչների բոլոր դիտարկումները ուսումնասիրվելու են բողոքարկման հանձնաժողովի կողմից. ԿԳՄՍՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին։

Մասնագետները բարձրաձայնում են այս տարվա ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքի և կազմակերպման վերաբերյալ մի շարք խնդիրների մասին՝ եզրահանգելով․ «Այս իրավիճակը, կարծես, նկատում է որոշակի միտում, խտրականություն ռուսաց լեզվի և այլ օտար լեզվի ուսուցիչների նկատմամբ՝ պայմանավորված գնահատման մոտեցումներով»։

ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց. «Ուսուցիչների բոլոր դիտարկումները ուսումնասիրվելու են բողոքարկման հանձնաժողովի կողմից։ Յուրաքանչյուր ուսուցիչ իր թեստի այն հարցերի վերաբերյալ, որոնց հետ անհամաձայնություն ունի, հենց համակարգում բողոքարկում է` նշելով իր անհամաձայնությունը։ Բողոքարկումները ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է յուրաքանչյուր ներկայացված բողոքը և անհատապես պատասխանում է մասնակցին»:

Կիսվել սոց․ ցանցերում