Կիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ Աֆրիկյան մայրցամաքը երկու խոշոր բեկորների երկարաժամկետ մասնատման փուլում է։ Դա կարող է տեղի ունենալ 5-10 միլիոն տարվա ընթացքում՝ ռիֆտինգի՝ լիթոսֆերայի ձգման և մասնատման գործընթացի արդյունքում, որը կհանգեցնի նոր տեկտոնական կառուցվածքների ձևավորմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of African Earth Sciences (JAES) գիտական հանդեսում։
Անսովոր երկրաբանական ակտիվության առաջին ապացույցները ստացվել են 1960-ականների վերջին՝ տեկտոնական ավազանի և Աֆար անապատի տարածքում՝ մոլորակի ամենաարտառոց տարածաշրջաններից մեկում։ Այդ ժամանակ գիտնականները երկրակեղևի խոր ճեղքի նշաններ են արձանագրել։ Սակայն միայն հիմա են ժամանակակից վերլուծական եղանակները հնարավորություն տվել ամենայն մանրամասնությամբ հետևելու այդ գործընթացին։
Հետազոտողները համատեղել են արխիվային երկրաֆիզիկական դիտարկումները ապարների մագնիսացման նոր չափումների հետ՝ ապահովելով տեկտոնական թիթեղների շարժման ավելի ճշգրիտ պատկերացում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև ճեղքն արդեն սկսվել է. ճեղքի երկու կողմերում գտնվող երկրակեղևի հատվածները հսկայական փազլի կտորների պես դանդաղորեն հեռանում են իրարից։
Այս կառուցվածքներն արտացոլում են լիթոսֆերայի՝ տասնյակ միլիոնավոր տարիներ տևող խոր ձգման գործընթացները։ Գիտնականների տվյալներով՝ հաջորդ 5-10 միլիոն տարիների ընթացքում Աֆրիկան կբաժանվի երկու անկախ ցամաքային զանգվածների՝ արևելյան ցամաքային զանգված, որը տարածվում է դեպի Հնդկական օվկիանոս, և արևմտյան ցամաքային զանգված, որը կազմում է մայրցամաքի հիմնական զանգվածը։
Հեղինակներն ընդգծում են, որ նման երկրաբանական փոխակերպումները չափազանց երկարատև են, սակայն դրանց հետևանքները հեռահար կլինեն։ Ճեղքի ընդլայնումը, ի վերջո, կարող է հանգեցնել նոր օվկիանոսի ձևավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային կլիմայի և լանդշաֆտների վերակառուցմանը։
