«Սևան» ՔԿ հիմնարկի պետի տեղակալը մեղադրվում է ապօրինի հարստանալու և 43 միլիոն դրամ չհայտարարագրելու համար

Հակակոռուպցիոն դատարանում 2025 թվականի նոյեմբերի 21-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ՔԿԾ «Սևան» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ Թոռնիկ Հրաչյայի Գալստյանի դեմ։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 314․3-րդ հոդվածի 2-րդ մասով, 444-րդ հոդվածի 2-րդ մասով և 443-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար։ Մեղադրյալը 2021-2024 թվականներին իր եղբոր և եղբոր աներորդու անվամբ «Յունիբանկ» ԲԲ ընկերությունում ավանդադրել է փաստացի իրեն պատկանող շուրջ 43.390.000 ՀՀ դրամ և չի հայտարարագրել այդ գումարները։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

Թոռնիկ Հրաչյայի Գալստյանը 2017 թվականի օգոստոսի 17-ից զբաղեցնում է ՀՀ ԱՆ ՔԿԾ «Սևան» ՔԿ հիմնարկի պետի տեղակալի պաշտոնը։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, նա առնվազն 2021-2024 թվականների ընթացքում իր եղբոր և եղբոր աներորդու անվամբ «Յունիբանկ» ԲԲ ընկերությունում ավանդադրել է փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով գումարներ և յուրաքանչյուր ամիս ստացել է ավանդի տոկոսագումարները։

Ավանդադրված գումարները 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել են շուրջ 43.390.000 ՀՀ դրամ։

Թոռնիկ Գալստյանը վերոգրյալ ավանդները և դրանցից ստացված եկամուտները չի հայտարարագրել և թաքցրել է իր 2022, 2023 և 2024 թվականներին ներկայացրած տարեկան հայտարարագրերում, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների չհայտարարագրման։

Նախաքննությամբ պարզված լրացուցիչ դեպքեր

Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձն առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել նաև 2024 թվականի մարտի 29-ին ներկայացրած՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում։ Մասնավորապես՝ վերջինս հայտարարագրում որպես ստացված եկամուտ է հայտարարագրել միայն աշխատավարձը, այնինչ բանկում դարձյալ այլ անձի անվամբ 2023 թվականին ավանդադրել է 23.000.000 ՀՀ դրամ, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով։

2021 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ 2020 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում չի ներառել՝ թաքցրել է այլ անձի անվամբ բանկում ավանդադրված, սակայն փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները՝ 11 միլիոն ՀՀ դրամը։ Բացի այդ, 2020 թվականին տվյալ պաշտոնյայի գույքն ավելացել է առնվազն շուրջ 14 մլն ՀՀ դրամով, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով։

Մեղադրանքները

Թոռնիկ Հրաչյայի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝

  1. ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը՝

Նախատեսված պատիժը՝ ազատազրկում՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

  1. ՀՀ ՔՕ 444-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը՝

Նախատեսված պատիժը՝ ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով։

  1. ՀՀ ՔՕ 443-րդ հոդվածի 1-ին մաս

Ապօրինի հարստանալը

Ապօրինի հարստանալը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը և (կամ) ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են՝

Նախատեսված պատիժը՝ ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով։

Ծանոթություն՝ Սույն հոդվածում էական է համարվում 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը)։

Խափանման միջոցը

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Գործի քննության ընթացքը

Գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Գործը 2025 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Նոյեմբերի 21-ին գործը մակագրվել է կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ դատավոր Սարգիս Դադոյանին։ Նոյեմբերի 24-ին քրեական գործը էլեկտրոնային տարբերակով հանձնվել է դատավորին։

Դատավորը 2025 թվականի նոյեմբերի 25-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։

Նախնական դատալսումները նշանակված են 2025 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հակակոռուպցիոն դատարանի թիվ 4 դահլիճում (ք․Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9), դատավոր Ս․Դադոյանի նախագահությամբ, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել սոց․ ցանցերում