LCAH. Սոցիալական ցանցերն ու ֆիտնես մշակույթը՝ երիտասարդ տղամարդկանց շրջանում մկանային դիսմորֆիայի ռիսկի գործոններ

Մկանային դիսմորֆիան կամ «բիգորեքսիան» լուրջ խնդիր է դառնում տղաների և երիտասարդ տղամարդկանց շրջանում, զգուշացնում են գիտնականները The Lancet Child & Adolescent Health ամսագրում հրապարակված հոդվածում։

Ի տարբերություն անորեքսիայի, որի դեպքում մարդը վախենում է «չափազանց մեծ» լինելուց, մկանային դիսմորֆիայի պարագայում առաջանում է «չափազանց փոքր» կամ ոչ բավարար մկանուտ լինելու մշտական զգացողություն։

Տասնամյակների հետազոտությունների պատմողական ակնարկը ցույց է տալիս, որ նման դեպքերի աճը կապված է գենետիկական, կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնների համակցության հետ։ Հատուկ դեր են խաղում սոցիալական ցանցերը, ֆիտնես բլոգերները և հայտնի մարդկանց մշակույթը, որոնք առաջ են մղում «ձիգ և ընդգծված մկաններով» իդեալը։ Սա կարող է սպորտով զբաղվելն ու սննդակարգի վերահսկողությունը վերածել իսկական մոլուցքի։ Ընդ որում, հետազոտողները ընդգծում են՝ մկանային դիսմորֆիան պարզապես սնապարծության դրսևորում չէ։

Վիճակը ճանաչվել է հոգեկան խանգարում, և ծնողները, մարզիչներն ու բժիշկները հաճախ չեն նկատում դրա վաղ նշանները։ «Տագնապալի ազդանշանների» թվում են կպչուն մարզումները, խիստ կամ չափից դուրս դիետան, ինչպես նաև անաբոլիկ ստերոիդների և սննդային հավելումների օգտագործումը, որոնք սրտի համար լուրջ ռիսկեր են պարունակում, ինչպես նաև կարող են ագրեսիվություն առաջացնել։

Այլ նշաններից են ընկերների հետ շփումից խուսափելը կամ սովորական զբաղմունքներից հրաժարվելը, մարմնի չափսերի վերաբերյալ մշտական անհանգստությունը և իրավիճակները, երբ մարզումները խանգարում են ուսմանը, աշխատանքին կամ հարաբերություններին։

Բուժման տարածված մեթոդներից են կոգնիտիվ-վարքային թերապիան և ընտանեկան թերապիան։ Ակնարկի հեղինակները նշում են, որ մկանային դիսմորֆիան հաճախ զուգակցվում է դեպրեսիայի, տագնապային խանգարումների և հոգեակտիվ նյութերի չարաշահման հետ, ինչը բարդացնում է բուժումը։

Ըստ հեղինակներից մեկի, մկանային դիսմորֆիա ունեցող մարդիկ պետք է դիմեն մասնագիտական օգնության՝ հաշվի առնելով այս խանգարման ֆիզիկական և հոգեկան լուրջ հետևանքները։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են իրազեկվածության բարձրացման, ախտորոշման բարելավման, ինչպես նաև դեռահասների ու երիտասարդների համար նախատեսված կանխարգելիչ և բուժական ծրագրերի ստեղծման անհրաժեշտությունը։

Կիսվել սոց․ ցանցերում