Տղամարդը երկու այլ տղամարդկանցից հափշտակել է 1.500.000 դրամ արժողությամբ «Iphone» հեռախոսներ և «Apple Watch»

Դեկտեմբերի 12-ին Երևանի քրեական դատարան գործ է մուտք արվել 1.500.000 դրամի գույք հափշտակելու մեղադրանքով։  Գործը մակագրվել է դատավոր Էմմա Ավագյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Գործի հանգամանքները

Կ․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի ապրիլի 14-ին Երևան քաղաքի Դանիել Վարուժան փողոցի 6-րդ շենքի հարևանությամբ գտնվող տաղավարում հանդիպել է Է․Հ․-ին, որի ընթացքում Է․Հ․-ը նույն տաղավարի սեղանին դրել է Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի Ն շենքի Ն բնակարանի մուտքի դռան բանալին:

Կ․Ղ․-ը Է․Հ․-ից աննկատ վերցրել է հիշյալ բնակարանի բանալին և բնակարան ապօրինի մուտք գործելով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն օրը՝ նախապես վերցրած բանալու միջոցով, բացել է Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի Ն շենքի Ն բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել հիշյալ բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել Է․Ա․Հ․-ին պատկանող՝ 150,000 ՀՀ դրամ արժողության «Iphone 15» մոդելի բջջային հեռախոսը, ապա հեռացել այնտեղից՝ այդ կերպ է․Հ․-ին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Կ․Ղ․-ը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին «ՏիկՏոկ» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Հ․Ա․-ի հետ, որից հետո, նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, նրա հետ շփվելու նպատակով գնացել է նրա բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի Ն շենքի Ն բնակարան և միասին մտել են նույն բնակարանում գտնվող Հ․Ա․-ի ննջասենյակ:

Այնուհետև, Կ․Ղ․-ը, օգտվելով Հ․Ա․-ի լոգարան գնալու և ննջասենյակում միայնակ մնալու հանգամանքից, խոշոր չափերով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ հիշյալ ննջասենյակի պահարանի վրայից գաղտնի հափշտակել է Հ․Ա․-ին պատկանող 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ «Iphone 17 Pro Max» մոդելի բջջային հեռախոսը, 265.000 ՀՀ դրամ արժողությամբ «Iphone 15 Pro Max» մոդելի բջջային հեռախոսը և 85.000 ՀՀ դրամ արժողությամբ «Apple Watch» մոդելի սմարթ ժամացույցը և աննկատ հեռացել այդ բնակարանից՝ այդ կերպ Հ․Ա․-ին պատճառելով խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.350.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Կ․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել   ՀՀ ՔՕ 254 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի)։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել սոց․ ցանցերում