Հայաստանի` պլացդարմ դառնալը մի քիչ չափազանցված էր
ԱՄՆ-ը հրապարակել է Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը: 14 կետից բաղկացած փաստաթուղթը մանրամասնում է Հորմուզի նեղուցի վերաբացման, Իրանի նկատմամբ որոշակի սահմանափակումների մեղմացման եւ ապագա տեխնիկական բանակցությունների ընթացքում Իրանի միջուկային ծրագրի լուծման ակնկալիքների մասին դրույթները:
Ծավալուն փաստաթղթից մեջբերենք միայն 1-ին եւ 2-րդ առանցքային դրույթները:
1. Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նաեւ ներկա պատերազմում նրանց դաշնակիցները, ստորագրում են այս հուշագիրը` հայտարարելով բոլոր ճակատներում, այդ թվում` Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցման մասին, եւ պարտավորվում են այսուհետ չսկսել որեւէ պատերազմ կամ որեւէ ռազմական գործողություն միմյանց դեմ, զերծ մնալ միմյանց դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից, ինչպես նաեւ ապահովել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
2. Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Տեւական ժամանակ կանխատեսումներ էին հնչում, որ Հայաստանը տարբեր աշխարհաքաղաքական շահերի բախման հետեւանքով կարող է դառնալ պլացդարմ: Ի՞նչ կարող է փոխել այս հուշագիրը:
Իրանագետ Արմեն Վարդանյանը մեր այս դիտարկմանն արձագանքեց. «Հայաստանի` պլացդարմ դառնալը մի քիչ չափազանցված էր եւ ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ էր կրում: Իրականում, իհարկե, մեր շահերից է բխում, որ Հայաստանի հարեւան երկրում չլինեն լարվածության օջախներ, որոնց պատճառով Հայաստանը նաեւ տնտեսապես է տուժում:Լոգիստիկ առումով խնդիրներ ունեցանք, բեռնատարները չէին կարողանում ժամանակին տեղ հասնել եւ այլն: Բայց դա չի նշանակում, որ պատերազմը կարող էր տեղափոխվել Հայաստանի տարածք »:
Հարցին, թե ԹՐԻՓՓ-ի գործարկման տեսանկյունից ինչ հեռանկար կարող է խոստանալ հուշագիրը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ես դա չէի կապի ԹՐԻՓՓ-ի հետ, մեկը մյուսի հետ կապ չունեցող գործընթաց է: Անկախ ամեն ինչից` եթե ՀՀ-ն ու ԱՄՆ-ն որոշել են ԹՐԻՓՓ-ը գործարկել, ապա Իրանն այդ նախագիծը չեզոքացնելու կարողություն չունի: Մանիպուլյատիվ բնույթ ունեն նմանատիպ հայտարարությունները, որոնց նպատակն է Իրանին հակադրել Հայաստանին: Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները, երկաթգծերը եւ այլ կապուղիներ նա չի կարող խաթարել »:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե այդ հուշագիրը կարո՞ղ է տարածաշրջանում խաղաղության երաշխիք լինել, երբ ականատեսն ենք, որ միջազգային իրավունքի նորմերը, ստորագրված փաստաթղթերը ոչ միշտ են գործում:
«Չեմ կարող հարյուր տոկոսով պնդել, քանի որ կա Իսրայելի գործոնը, իսկ Իսրայելն այնքան էլ գոհ չէ այդ փաստաթղթից: Նա այս գործընթացը տորպեդահարելու հնարավորություն ունի: Փաստաթղթով հրադադար է հաստատվել ոչ միայն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, այլեւ` Լիբանանում: Իսկ մենք տեսնում ենք, որ Իսրայելն ամենօրյա ռեժիմով Հզբոլահի դիրքերին է հարվածում, որին, ի պատասխան, Իրանից սպառնալիքներ են հնչում, որ իրենք էլ կարող են հարվածել Իսրայելին: Այնպես, որ խախուտ փաստաթուղթ է, չի կարելի հարյուր տոկոսով պնդել, որ այն կյանքի կկոչվի: Չի բացառվում, որ Իսրայելն իր միջոցներով խափանի այդ գործընթացը, ինչի համար ունի համապատասխան կարողություններ »,- ասաց իրանագետը:
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա Արմեն Վարդանյանը կարծում է, որ մենք պետք է միանշանակ ողջունենք գործընթացը:
Թագուհի Հակոբյան
