Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ծրագիրը» Կովկասի համար գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը՝ հավելելով, որ Թեհրանը կտրականապես դեմ է դրան։ Վելայաթին այս հայտարարությունն արել է երկուշաբթի օրը Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ, որտեղ երկու կողմերը քննարկել են վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, գրում է IRNA-ն։ Նա ասել է, որ Իրանը սկզբից դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է իր շրջակա անվտանգության միջավայրին սպառնացող վտանգներից։ Նա պնդել է, որ միջանցքը կարող է հնարավորություն տալ ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում՝ լուրջ անվտանգության ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային մասերի համար: Նա հավելել է, թե «Թրամփի ծրագիրը» գործնականում նույն նախագիծն է, միայն անվանափոխված, և այժմ իրականացվում է ամերիկյան ընկերությունների մուտքի միջոցով Հայաստան։ Վելայաթին ասել է, որ Միացյալ Նահանգները պատմականորեն զգայուն տարածաշրջաններ մտնելու պատմություն ունի տնտեսական նախաձեռնությունների տեսքով ներկայացված նախագծերի միջոցով, սակայն նման ներգրավվածությունը աստիճանաբար ընդլայնվել է ռազմական և անվտանգության ոլորտներում։ Իր հերթին, դեսպան Հակոբյանը Իրանի հետ հարաբերությունները որակել է որպես ռազմավարական և ասել, որ Թեհրանի հետ կապերի ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից է։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/964088.html?fbclid=IwY2xjawOt-PtleHRuA2FlbQIxMABicmlkETFpVTdxUUZWeGxSMkZWa2Nmc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHtFNuh_-9z_rqy9AKSGQBZf07lTPIsTZNo4D_ZrfNALf7H29YOEK6XMPS-sn_aem_jD1kg0QAXiThgt9oKV-AmA
© factor.am
