Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հայտարարել է, որ իրեն համարում է բոլոր ժամանակների լավագույն ու ամենաունիվերսալ ֆուտբոլիստը, հաղորդում է armsport.am-ը։
41-ամյա պորտուգալացին խոսել է նաև Լիոնել Մեսսիի հետ երկարամյա մրցակցության մասին։
Հարձակվողն այս հայտարարություններն արել է CNN Portugal-ի լրագրող Էդու Ագիրեի հետ հարցազրույցում։ Զրույցը ձայնագրվել է մոտ մեկ տարի առաջ, սակայն եթեր է հեռարձակվել միայն հիմա։
«Ես բոլոր ժամանակների լավագույնն եմ, վերջ: Թվերն ինքնին խոսում են իրենց մասին։ Ես ինձնից լավին չգիտեմ։ Պատմությունն արդեն գրված է։ Ես կարող էի ավարտել կարիերաս այսօր և ոչ մի բանի համար չէի զղջա։
Եթե ինչ-որ մեկը նախընտրում է Մեսսիին, Պելեին կամ Մարադոնային, դա անձնական ճաշակի հարց է։ Ես հարգում եմ դա։ Բայց պնդել, թե Կրիշտիանու Ռոնալդուն ունիվերսալ խաղացող չէ… դա սուտ է։ Ես ամենաունիվերսալ խաղացողն եմ։
Մենք միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել։ Մեր մրցակցությունը խաղադաշտում միշտ մնացել է հարգանքի սահմաններում։ Մենք մոտիվացնում էինք միմյանց, ճիշտ այնպես, ինչպես Ալեն Պրոստն ու Այրտոն Սեննան՝ Ֆորմուլա-1-ում։ Մենք ոգեշնչում էինք միմյանց՝ հաղթահարելու տարբեր խոչընդոտներ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում CNN Portugal-ը:
Հիշեցնենք, որ այս հարցազրույցը հրապարակվել է Պորտուգալիայի հավաքականում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին։ Սեպտեմբերի 27-ին Ազգերի լիգայի՝ Նորվեգիայի դեմ խաղում գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը 41-ամյա հարձակվողին ուղարկել էր նախավարժանքի, սակայն խաղադաշտ դուրս չէր բերել։ Դրանից հետո՝ սեպտեմբերի 30-ին, ֆուտբոլիստն ինքնակամ լքել էր ազգային թիմի ճամբարը, իսկ հոկտեմբերի 6-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով իր որոշումն ու մեղադրելով Ժեզուշին խոստումները դրժելու մեջ։ Ընդ որում, Ռոնալդուն հատուկ ընդգծել էր, որ չի պատրաստվում ավարտել կարիերան հավաքականում։
